Տնտեսական

03.08.2022 10:34


Կառավարությունը քաղաքացիներին մղում է ապօրինությունների. օրենք է ընդունել ու ձեռքերը լվացել․ «Ժողովուրդ»

Կառավարությունը քաղաքացիներին մղում է ապօրինությունների. օրենք է ընդունել ու ձեռքերը լվացել․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործադիր մարմինը, արդեն որերորդ դեպքն է, օրենք է ընդունում, հետո՝ ձեռքերը լվանում, կամ էլ վերջնաժամկետ է նշանակում, բայց չի հաշվարկում, թե այդ որոշումն ինչպես է կատարվելու և ինչ հետևանքներ կարող է ունենալ: Օրինակները բազմաթիվ են՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը, սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքը, հանրային սննդի վայրեր, կինո, թատրոն մուտքը QR կոդերի հավաստման դեպքում: Կհիշեք՝ սպանդանոցային պարտադիր մորթին անցնելուն վերջնաժամկետ էր հայտարարվել, սակայն այն մի քանի անգամ հետաձգվեց, որովհետև սպանդանոցները չէին կառուցվել, և գործադիրը ստիպված եղավ մի քանի անգամ հետաձգել վերջնաժամկետը:

Միևնույնն է, խնդիրն այս պահին էլ դեռ կարգավորված չէ, կան ահազանգեր, որ միսը սպանդանոցային պարտադիր մորթի գրեթե չի ենթարկվում: Հիմա հերթը գազաբալոնները պարտադիր փորձարկման ենթարկելու մասին օրենքինն է: Այս դեպքում սահմանվել է վերջնաժամկետ՝ օգոստոսի 1, սակայն արդեն երեք օր է, ինչ գազաբալոնների վկայագրման կայաններում իսկական քաոս է. մեծ հերթեր են, մարդիկ չեն հասցրել փորձաքննության ենթարկել գազաբալոնը:

Այս հարցի ուղիղ պատասխանատուն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, հեռվից լուռ հետևում է իր կողմից ստեղծած շիլաշփոթին. չի հաշվարկվել, թե քանի ավտոմեքենա կա, քանի կայան կա, որը կարող է փորձաքննության ենթարկել գազաբալոնը, և ինչքան ժամանակ է պետք սպասարկելու համար: Բացի այս, պարզվում է՝ այս կառույցը չի համագործակցել գազալցակայանների հետ, որովհետև լցակայանները թվային համակարգին միացված չեն, որով կպարզեն՝ գազաբալոնը վկայագրված է, թե ոչ:

Այսինքն՝ քաղաքացիներին կառավարությունը մղում է ապօրինությունների: Բացի այս, եթե գործադիրը օրենքն ընդունել է՝ օրենքի հիմքում դնելով անվտանգությունն ու մարդկանց կյանքին սպառնացող վտանգը, ապա փաստացի հերթի մեջ գտնվող քաղաքացու մեքենայի բալոնը, Աստված մի արասցե, կարող է մի օր պայթել: Իսկ ո՞վ է կրելու պատասխանատվություն»:

Այս խորագրի վերջին նյութերը