Քաղաքական

23.04.2009 17:15


ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մեկնաբանում է հայ-թուրք-շվեյցարական եռակողմ հայտարարությունը

ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մեկնաբանում է հայ-թուրք-շվեյցարական եռակողմ հայտարարությունը

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվանից' ապրիլի 24-ից երկու օր առաջ, եռակողմ հայտարարություն է տարածվել Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի կառավարությունների կողմից, որում ասվում է. «Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով' այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում»:

Հայտարարությունում նաեւ նշվում է. □Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ□:

«Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար» եզրափակիչ իր դրվագով հանդերձ' հիշյալ համատեղ հայտարարությունը Հայաստանի կառավարության ցայժմ կատարած ամենալուրջ ռազմավարական վրիպումներից մեկն է: Թեպետ 95 բառ պարունակող այս հակիրճ հայտարարությունը կարող է հստակորեն դրսեւորել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում իրական պատմական բեկման հնարավորություն, այնուամենայնիվ, խնդրո առարկա տեքստի ուղերձը եւ այն տարածելու ժամանակը կարեւոր մտահոգությունների տեղիք են տալիս:

Առավել ակնհայտ է, որ այսօրինակ հայտարարություն տարածելով Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակի օրվա անմիջապես նախաշեմին, Հայաստանի Հանրապետությունը պարզապես ուժ է հաղորդել է եւ, կարծես թե, հավանություն է տվել թուրքական փորձերին' ամեն կերպ ճնշում գործադրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա, որպեսզի վերջինս ապրիլքսանչորսյան իր ավանդական ուղերձում շրջանցի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տված նախընտրական խոստումը:

Ավելին' համաձայնելով տարածել համատեղ հայտարարություն, որն ակնհայտորեն համահունչ է Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության ժխտման թուրքական քաղաքականությանը, եւ այն տարածելով հատկապես ապրիլի 24-ի հերթական տարելիցից անմիջապես երկու օր առաջ, Հայաստանի կառավարությունը ցուցաբերել է ապշեցուցիչ կարճատեսություն ու անպատասխանատվություն: Նմանատիպ ռազմավարական սխալը նոր հարցեր է առաջացնում Հայաստանի ղեկավարության իմաստասիրության, անկեղծության եւ լրջության մասին, հատկապես հայոց պատմության այսպիսի խոցելի հանգրվանում, երբ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հարցերը դեռեւս մնում են չլուծված, եւ Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների ապագա ընթացքը' կասկածի տակ:

Ավելի լայն համատեքստում հայկական իշխանությունների այս ռազմավարական սխալը շատ ավելին է, քան պարզապես բացթողում արտաքին քաղաքականության մեջ, եւ այն ցուցաբերում է հիրավի ողբերգական եւ, ամենայն հավանականությամբ, անշրջելի քայլ, որով Հայաստանի կառավարությունը ոչ միայն զոհաբերել է պետության արժանապատվությունը, այլեւ հրաժարվել է ե՛ւ Ցեղասպանությունից մազապուրծ սերունդների, ե՛ւ նրանց հետնորդը հանդիսացող ներկայիս սերունդների առջեւ իր ունեցած պատասխանատվությունից: Հայոց ցեղասպանության պատմական ժառանգության հանդեպ այսպիսի դատապարտելի արհամարհանքը եղել է Թուրքիայի առավել ընդհանրական բնորոշումը, սակայն Հայաստանի համար այսպիսի անպատասխանատու համագործակցությունը միմիայն խիստ դատապարտման է արժանի: Սա Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակման համար հիրավի ողբերգական մեկնարկ է:

Այս խորագրի վերջին նյութերը