Աշխարհ

15.08.2022 18:10


Իրաքում գտնվող Եդեմի այգին այժմ «անապատի տեսք ունի»

Իրաքում գտնվող Եդեմի այգին այժմ «անապատի տեսք ունի»

Իրաքում գտնվող, այսպես կոչված, Եդեմի այգին երեք տարվա երաշտից և սակավ տեղումներից տուժել է, ինչպես նաև հարևան Թուրքիայից և Իրանից սկիզբ առնող գետերից և վտակներից ջրի հոսքի կրճատումից, գրել է AFP լրատվական գործակալությունը։

Իրանի հետ սահմանակից Խուվայզայի երբեմնի փարթամ ճահիճների հսկայական տարածքները չորացել են, և դրանց բուսականությունը դեղնել է: Նույն ճակատագրին են արժանացել Չիբայշի ճահիճների հայտնի զբոսաշրջային վայրերը։

«Ճահիճները մեր ապրուստի աղբյուրն են. մենք այստեղ ձկնորսություն էինք անում, և մեր անասունները կարողանում էին արածել և ջուր խմել»,-ասել է մոտ գյուղերից մեկի 35-ամյա բնակիչ Ղասեդը:

Հարավային Իրաքի ճահիճները 2016 թվականին ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ թե՛ կենսաբազմազանության, թե՛ հնագույն պատմության համար:

Սակայն այժմ չոր առվակների հուներ են մնացել և տեղի Ում ան Նաաջ լիճը վերածվել է ցեխոտ ջրի լողավազանի:

Ինչպես նախկինում իր հայրը, այնպես էլ Ղասեդը գոմեշներ է աճեցնում, սակայն մոտ 30 կենդանիներից միայն հինգն են մնացել։

«Արդեն երկու տարուց ավելի է՝ բողոքում ենք, և ոչ ոք մեզ չի լսում»,-ասել է Ղասեդը։

Միջագետքի ճահիճները, որոնք գտնվում են Տիգրիս և Եփրատ գետերի միջև, տուժել են Սադամ Հուսեյնի օրոք, ով 1991 թվականին հրամայել էր չորացնել դրանք՝ որպես պատիժ ապստամբներին պաշտպանող համայնքների:

2020 թվականի օգոստոսից մինչև ընթացիկ ամիսը հարավային Իրաքի ճահիճների 46 տոկոսը, ներառյալ Հուվայզան և Չիբայիշը, ամբողջությամբ կորցրել են մակերևութային ջրերը: Ճահիճների ևս 41 տոկոսը տուժել է ջրի մակարդակի և խոնավության անկումից:

Իրաքում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հայտարարել է, որ ճահիճները «Իրաքի ամենաաղքատ և կլիմայի փոփոխության հետևանքով ամենաշատ տուժած շրջաններից են»:

Բնապահպան ակտիվիստ Ահմեդ Սալեհ Նիման ասել է, որ ճահիճներում «այլևս ձուկ չկա», ինչպես նաև չկա ջրասամույրի ենթատեսակը: Նա նշել է «աղետալի հետևանքները» ավելի քան 6000 ընտանիքների համար, որոնք կորցնում են իրենց գոմեշներին, և եզակի կենսական ակտիվները։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը