Հարցազրույց

07.09.2011 13:21


Ելենա Արշակյան

Ելենա Արշակյան

Հարցազրույց «Աննա» հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ

–«Facebook» սոցիալական ցանցում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության սեպտեմբերի 2-ից 4-ն անցկացված քվեարկության արդյունքների համաձայն՝ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել «Աննա» սերիալը: Հնարավո՞ր է, որ «Աննա»–ի նկարահանումները դադարեցնեք՝ հաշվի առնելով հասարակական կարծիքը։

–Իհա՛րկե ոչ։ Այդ երիտասարդական նախաձեռնությունն ինչ–որ նորահայտ մի բան է։ Բայց կան նմանատիպ կազմակերպություններ, ովքեր ուզում են կայանալ հանրահայտ սերիալների կամ մարդկանց անունների շուրջ ինչ–որ սկանդալային նյութեր, դավեր հյուսելով։ Եթե թվերի լեզվով խոսենք, ապա չեմ սխալվի, եթե ասեմ, որ «Աննա» հեռուստասերիալը Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից մեկն է, նույնիսկ 1–ին կամ 2–րդ տեղում է, վարկանիշը միջինը 55–60% է։ Սա ոչ թե ես եմ ասում, այլ համապատասխան վարկանշային կազմակերպությունների տվյալներն են։ Թվերն արդեն իսկ խոսում են մեր փոխարեն։ Այդ կազմակերպության թիվը հաշվեք և այդ 55–60%–ը։

–Ըստ Ձեզ՝ հասարակությունն իրավունք ունի՞ սերիալներում նկարահանվող դերասանների անձնական կյանք մտնել՝ հատկապես հաշվի առնելով «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկարների հետ կապված աղմուկը։

–Որպես ռեժիսոր՝ կարող եմ ասել, որ եթե Աստված ոչ անի՝ իմ դերասանների հետ նման բան լինի, բնականաբար, ես ուշադրություն չէի դարձնի, թե նրանք անձնական կյանքում ինչով են զբաղվում, ինչով են զբաղվել։ Կարևորն իր դերասանակա՛ն ընդունակություններն են, որոնք պետք է կիրառվեն սերիալում, և, ըստ ինձ, Անժելա Սարգսյանն իր դերասանական ընդունակություններն այդքան էլ վատ չէր կիրառում։ Ու թող մարդիկ իզուր տեղը տուժողին չխփեն։

–Եթե այս պատմությունից հետո Անժելա Սարգսյանին, այդուհանդերձ, հեռացնեն «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալից, հնարավո՞ր է՝ որպես աջակցություն, նրան հրավիրեք նկարահանվելու «Աննա» սերիալում։

–Չեմ կարող հիմա Ձեր հարցին միանշանակ պատասխանել։ Եթե հարմար տեղ լինի, իհա՛րկե, կարող եմ հրավիրել, բայց չեմ էլ կարծում, որ «Արմենիա» հեռուստաընկերությունն Անժելային, այսպես ասած, դուրս կհանի։ Որովհետև Անժելա Սարգսյանը շնորհքով դերասանուհի է, ինքն իր տեղը միշտ էլ կգտնի, կլինի «Հանրային հեռուստատեսությունը», «Արմենինան», թե մյուսը։ Իր անձնականը ո՛չ ինձ է վերաբերում, ո՛չ էլ մնացած այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց քիթը խոթում են այդ աղջկա անձնական կյանք։ Թե ինքն իր կյանքում ինչով է զբաղվում, դա ինձ ընդհանրապես չի հուզում։ Իրեն որպես դերասանուհի պետք է նայել։ Եթե, կոպիտ ասած, Անժելային տուն տանելու նպատակով են դիտարկում, դա արդեն ուրիշ բան։ Բայց ես իրեն որպես դերասանուհի եմ նայում, և ինքը նորմալ դերասանուհի է։

–Իսկ հնարավո՞ր է, որ այս ամբողջ աղմուկն արվում է վարկանիշ բարձրացնելու, PR–ի համար։

–Եթե մենք ապրեինք ԱՄՆ–ում, Ռուսաստանում կամ մեկ այլ հսկայական պետության մեջ, բնականաբար, այդ ամենը կդիտարկվեր որպես սև PR։ Բայց չեմ կարծում, որ Հայաստանում, օրինակ, Անժելան հատուկ արած լինի՝ սերիալի կամ իր անվան սև PR–ի համար։ Ես այդպիսի բան չէի անի, ու չեմ կարծում, որ այդ սերիալի տնօրինությունն էլ նման քայլի կգնար։ Ես չէի անի այդպիսի բան ո՛չ իմ սերիալի, ո՛չ էլ իմ դերասանուհիների համար, որովհետև սերիալը սկանդալներով չի, որ վարկանիշ է ձեռք բերում։ Հիմա այն փոքրիկ սկանդալիկը, ինչ որ կատարվում է «Աննա» հեռուստասերիալի շուրջ, ընդամենը պետք էր ա՛յդ երիտասարդական նախաձեռնությանը, այլ ո՛չ «Աննա» հեռուստասերալին։ «Աննա»–ն ունի ի՛ր լսարանը, սիրված է, ու պարտադիր չէ, որ բոլորը միանշանակ դիտեն «Աննա» հեռուստասերիալը։ Արտադրվող ամեն ինչ ունի իր սպառողը, այդ թվում և «Աննա»–ն։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Թեմայի շուրջ քննարկումներին կարող եք հետևել այստեղ՝ http://blog.7or.am/archives/7253 http://blog.7or.am/archives/7239 http://blog.7or.am/archives/7265

Այս խորագրի վերջին նյութերը