Լրահոս

18.08.2022 10:34


Կոտայքի մարզում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջն ու ապա ինքնասպանություն է գործել՝ Նոր Հաճնի կամրջից ցած նետվելով

Կոտայքի մարզում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջն ու ապա ինքնասպանություն է գործել՝ Նոր Հաճնի կամրջից ցած նետվելով

Այսօր՝ օգոստոսի 18-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է՝ կամրջի տակ հայտնաբերվածը Նոր Գեղիի բնակիչ՝ 73-ամյա Սամվել Ալեքսանյանն է, ով սպանվածի ամուսինն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինը կնոջը սպանել, ապա կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։

Երկու դեպքերի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։

Կամրջի տակից տղամարդու դին դուրս բերելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ դժվարանցանելի այդ հատվածից դին ճոպաններով ու պատգարակով դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Քիչ առաջ ճանապարհային ոստիկանները Նոր Հաճնի կամրջի վրա հայտնաբերել են «Վոլգա» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ տեղեկությունների, սպանությունը կատարողինն է, ով սպանությունը կատարելուց հետո ավտոմեքենայով եկել է Նոր Հաճնի կամուրջ, կայանել ավտոմեքենան ու իրեն ցած նետել։

Այս խորագրի վերջին նյութերը