Կարծիք

22.08.2022 09:08


Հայաստանի տարածքում ադրբեջանական մեքենաները անցնելու են ավելի քան 350 կմ՝ շարասյունով և զինված

Հայաստանի տարածքում ադրբեջանական մեքենաները անցնելու են ավելի քան 350 կմ՝ շարասյունով և զինված

Հայաստանի ԱԱԾ-ն արդեն շրջանառության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանի հանձնարարության հիման վրա կազմված փաստաթուղթը, որով նախատեսվում է Ադրբեջանի հետ 3 անցակետ բացել մեքենաների տեղաշարժի համար։ Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի հայտարարությունից, անցակետեր են լինելու Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (Վարդենիսի մոտ), Սյունիքի մարզի Քարահունջ (Գորիսի մոտ) և Արարատի մարզի Երասխ հատվածներում։

Քանի որ Ադրբեջանը պարբերաբար պնդում է Նախիջևանի հետ ցամաքային կապի անհրաժեշտության մասին, հասկանում ենք, որ ամենակարևոր անցակետն իր համար Երասխում է, որի մոտ՝ բարձունքին արդեն տևական ժամանակ հենց ադրբեջանական հենակետեր են։

Մյուս երկու անցակետերը՝ Սոթքը և Քարահունջը, կապելու են Ադրբեջանի հյուսիսը և հարավը Նախիջևանի Սադարակ բնակավայրի հետ։
Ներքևի քարտեզում տեսնում եք այն ճանապարհները, որոնցով, ըստ Փաշինյան-Ալիև պայմանավորվածության, երթևեկելու են ադրբեջանցիները։ Մի դեպքում պայմանականորեն սկսելու են Գանձակից (Կիրովաբադ) և հասնելով Վարդենիս՝ մտնելու են Մարտունի, ապա Գեղհովիտ գյուղի միջով անցնելու են Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքով, անցնելու են Եղեգնաձորի մոտով, Արփի, Արենի, Չիվա, Ելփին, Զանգակատուն, Տիգրանաշեն, Պարույր Սևակ, Երասխ գյուղերով՝ հասնելու են Նախիջևանի սահման։ Ճանապարհի այս ուղղությունը մոտ 172կմ է։

Քանի որ ադրբեջանցիների անվտանգությունը հատուկ պետք է ապահովվի, ենթադրում եմ, որ նրանց ավտոշարասյուները զինվորականներ են ուղեկցելու, հավանաբար ռուսներ կամ թեկուզ հայ ոստիկաններ։ Արցախի տխուր փորձը ցույց է տալիս, որ այն ժամերին, երբ ադրբեջանական ավտոշարասյուները անցնում են հայկական ճանապարհներով, դրանք փակվում են հայերի համար։

Այսինքն՝ օրինակ, մարտունեցին, վարդենիսցին կամ եղեգնաձորցին պիտի մեկ ժամ սպասի, մինչև ադրբեջանցիներն անցնեն իրենց բնակավայրով, որից հետո հայերին թույլ կտրվի երթևեկել։ Եվ դա կարող է լինել շաբաթվա մեջ մի քանի անգամ, գուցե ամեն օր։ Այս վտանգի մասին դեռևս 2021-ին Անգեղակոթի մասին խոսելիս նշել եմ։

Վերջին շրջանում Մարտունու Գեղհովիտ գյուղի միջով անցնող ճանապարհը, որ կապվում է Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքին, մեծ արագությամբ հիմնանորոգվում է։ Օրերս անցնում էի այդ հատվածով, բավական որակյալ ճանապարհ են սարքում։ Ճանապարհաշինարարները և տեղացիները բնականաբար չգիտեն, բայց ներքին օղակներից դժվար չէր ճշտել, թե ինչու են շտապում ավարտել ճանապարհի ասֆալտապատման այդ հատվածը։ Ադրբեջանական մեքենաների շարասյուները պետք է որակյալ ճանապարհներով անցնեն։

Նմանատիպ մյուս ճանապարհը մեկնարկելու է Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտից, որտեղ ևս տեղադրված է անցակետ։ Ադրբեջանական մեքենաները անցնելու են Գորիս քաղաքի միջով, ապա հասնելու են Սիսիանի Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Ուղեձոր, Սարավան, Վայոց ձորի Վայք, Եղեգնաձոր բնակավայրերով՝ կրկին արգելափակելով ճանապարհները և թույլ չտալով, որ հայերը երթևեկեն։ Հետո ադրբեջանական մեքենաները շարունակելու են շարժը նույն երթուղով՝ հասնելով Երասխ և ապա Նախիջևանի սահման։ Ճանապարհի այս ուղղությունը մոտ 188կմ է։

Ստացվում է, Հայաստանի տարածքում ադրբեջանական մեքենաները անցնելու են ավելի քան 350կմ՝ շարասյունով և զինված ուղեկցությամբ՝ փակելով տեղական և միջազգային նշանակության ճանապարհներ, արգելելով ՀՀ բնակիչների ազատ տեղաշարժը։

Սա մեզ սպասվող իրականությունն է, եթե Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունը և հանձնարարությունը կատարվի։

Եզրակացությունները թողնում եմ հատկապես նրանց, ովքեր բնակվում են նշված ճանապարհի վրա կամ մոտերքում և գուցե սեփական մաշկի վրա զգան թշնամու հետ դավաճանական գործարքի ամբողջ հմայքը։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը