Աշխարհ

25.08.2022 18:05


Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն հեռանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից․ Ադրբեջանն արձագանքել է ամերիկացի համանախագահի նշանակմանը

Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն հեռանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից․ Ադրբեջանն արձագանքել է ամերիկացի համանախագահի նշանակմանը

Ադրբեջանն իր ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի շուրթերով արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից դիվանագետ Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու փաստին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աբդուլաևան նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը՝ Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու վերաբերյալ, «ցույց է տալիս, որ կիրառվում է տարածաշրջանում ստեղծված հետկոնֆլիկտային իրականությունից հեռու մոտեցում, ինչը զարմանք է առաջացնում»։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է և հստակ ձևակերպվել բարձրագույն մակարդակում։ Գործնականում չգործող Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն հեռանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից»,-ասել է Աբդուլաևան։

Նա կրկնել է իրենց երկրի ղեկավար Ալիևի պնդումը, թե «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է»։

«Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ղարաբաղյան խնդրի հետ կապելը ոչ մի կերպ չի նպաստում կարգավորմանը»,-հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Այս խորագրի վերջին նյութերը