Աշխարհ

30.08.2022 20:11


Իսպանիայում հայտնաբերվել է աշխարհի խոշորագույն բարելիեֆը՝ ֆալոսի տեսքով

Իսպանիայում հայտնաբերվել է աշխարհի խոշորագույն բարելիեֆը՝ ֆալոսի տեսքով

Օգոստոսի կեսին հնագետները Իսպանիայի Nueva Carteya հուշարձանի պեղումների ժամանակ հայտնաբերել են աշխարհում հայտնի ամենամեծ բարելիեֆներից մեկը՝ ֆալոսի տեսքով: Գտածոն թվագրվում է Հին Հռոմի դարաշրջանին, հայտնում է Haaretz պորտալը։

Մասնագետները նշում են, որ ֆալոսի տեսքով պատկերներն ու ամուլետները տարածված են եղել Հին Հռոմում, քանի որ դրանք համարվել են հաջողության խորհրդանիշներ և բարենպաստ նշանների սուրհանդակներ: Հեթանոսական կրոններում այս խորհրդանիշը կապված է եղել պտղաբերության հետ և համարվել է «չար աչքից» պաշտպանող պտղաբերության աստված Ֆասկինի մարմնավորումը։ Սակայն նման մեծ չափերի բարելիեֆ գիտնականներն առաջին անգամ են հայտնաբերել։

Պտղաբերության խորհրդանիշը՝ ավելի քան 0,5 մետր երկարությամբ, փորագրվել է մեծ շենքի անկյունաքարի վրա, որն այժմ պեղվում է։ Սակայն, չնայած արտասովոր գտածոյին, Գրանադայի համալսարանի հնագետների խմբի ղեկավար, պրոֆեսոր Անդրես Մարիա Ադրոեր Օրուն նշում է, որ իրենց նպատակը հռոմեական կառույցի համապարփակ ուսումնասիրությունն է՝ աշտարակով, որը կանգնած է իբերական դարաշրջանի ավելի հին շենքի ավերակների վրա։

Դեռևս 20-րդ դարի 60-ական թվականներին այս տարածքում հայտնաբերվել է հին պիրենյան բնակավայր, որը թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դարով: Ավելի ուշ ժամանակաշրջանում այն ավերվել է հռոմեացիների կողմից, որոնք նրա ավերակների վրա կառուցել են աշտարակ ունեցող շինություն, որի նշանակությունը գիտնականների համար մինչ օրս առեղծված է, գրում է Planet Today-ը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը