Լրահոս

08.09.2011 17:17


19–ամյա զինվորը սպանվել է զինակիցների միջև ծագած վեճի հետևանքով

ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը բանակում զոհված զինվորների ծնողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թեքՔրեական գործի շրջանակներում նոր փաստեր են ի հայտ եղել, որոնց հիման վրա ենթադրվում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի 19-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանը մահացել է զինակիցների միջև ծագած վեճի հետևանքով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Հայկ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՔՕ 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու կասկածանքով, որն անզգուշությամբ մարդու մահ է առաջացրել) հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է նրա զինակիցը՝ շարքային Լենդրուշ Նազլուխանյանը:

Լենդրուշ Նազլուխանյանին սեպտեմբերի 9–ին մեղադրանք կառաջադրվի դիտավորյալ սպանության համար:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ Հայկ Մկրտչյանը մահացել է նրա ուղղությամբ կանխամտածված մի քանի կրակոցից: Դեպքի առնչությամբ քննչական խմբեր են աշխատում: Կվերանայվի հոդվածը, որի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Այս խորագրի վերջին նյութերը