Քաղաքական

03.09.2022 00:26


«Ոչ Արցախի հայաթափմանը»․ Ստեփանակերտում հանրահավաք է անցկացվել

«Ոչ Արցախի հայաթափմանը»․ Ստեփանակերտում հանրահավաք է անցկացվել

News.am-ը գրում է․ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներն այսօր լեփ-լեցուն էին։ Արցախի Հանրապետության 31-րդ տարեդարձի առիթով ժամը 18:00-ից Ազատության հրապարակից քայլերթ սկսվեց դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ մեկ ժամ անց տեղի ունեցավ հանրահավաք։

Երթը առաջնորդում էին Արցախի ԱԺ խմբակցությունների պատգամավորները, ներկա էին նաև Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամներ Վահե Հակոբյանը, Գեղամ Մանուկյանը, Տիգրան Աբրահամյանը։

Երթի դիմացից մի խումբ երիտասարդներ տանում էին Արցախի դրոշը։ Երթն ուղեկցվում էր Արցախի մասին երգերով։ Շենքերից, խանութներից քաղաքացիները հետևում էին երթին, ծածանում Արցախի դրոշը։ Երթի ընթացքում միասնության, պայքարի կոչեր էին հնչում։ Պարբերաբար հնչում էր նաև «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ դավաճան»։

Արդեն Վերածննդի հրապարակում, որտեղ նաև նախագահական շենքն է, ոստիկանական պատն էր, ինչպես նաև նախագահականի անվտանգության աշխատակիցները։ Նախագահ Արայիկ Հարությունյանը իր նստավայրի բակից էր հետևում հանրահավաքին։

Արցախցիները հանրահավաքին եկել էին «Ոչ Արցախի հայաթափմանը», «Ոչ ադրբեջանական օկուպացիային» պաստառներով։ Մի խումբ քաղաքացիներ էլ աջակցություն էին հայտնում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, որը մեղադրվում է Շուշիի անկման համար և երկու օր առաջ կալանավորվեց, և պահանջում նրան ազատ արձակել։ «Մենք պահանջում ենք անհապաղ բաց թողնել մեր հերոսին» գրությամբ և Միքայել Արզումանյանի պաստառով քաղաքացիները կանգնել էին հանրահավաքի սկզբի շարքերում։

Այս խորագրի վերջին նյութերը