Լրահոս

09.09.2011 00:13


«Մեր պարտքն է ձեզ տեղեկացնել»

Սեպտեմբերի 8-ին Գյումրու կենտրոնական` Վարդանանց հրապարակում ընթացող Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդես, մրցույթ-փառատոնի ընթացքում   Հայաստանի 10 մարզերից եկած հյուրերին եւ գյումրեցիներին Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերադարձման խմբի անունից` Հասմիկ Մելքոնյանը, Վահան Թումասյանը և Լեւոն Բարսեղյանը տարածեցին հայտարարություն:

Ստորև ներկայացվում է հայտարարությունն ամբողջությամբ, ինչպես նաև «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութը:

ՈՒՇԱԴՐՈւԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցնե՛ր, Գյումրի քաղաքի հյուրեր

Մեր պարտքն է ձեզ տեղեկացնել, որ

ՀՀ կառավարությունը եւ այսպես կոչված մշակույթի նախարարությունը համատեղ ջանքերով Գյումրի քաղաքից անցած մեկ տարվա ընթացքում տարել են մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծած 4 որմնանկարներ, այդ մասին որեւէ կերպ չհարցնելով գյումրեցիների կարծիքը: Այդ որմնանկարները ստեղծվել են 70-ականների սկզբին լինինականցի բանվորների եւ աշխատավորների վճարած փողերով` յուրաքանչյուր որմնանկարի համար 4-5 հազար սովետական ռուբլի:

Իշխանությունները նախ 2 տասնյակ տարի ոչինչ չեն արել նկարների պահպանման համար, ապա հայտարարել են այդ որմնանկարները պետության սեփականություն եւ իրենց կարծիքով դա բավարար է եղել մշակութային թալանի հիմնավորման համար: 4 որմնանկարների վերդարձման մասին կառավարությանն ուղղված բողոքագրի տակ ստորագրել են ավելի քան 8 հազար գյումրեցի, այդ թվում 500-ից ավելի մշակույթի գործիչներ եւ աշխատողներ: Հայաստանի կառավարությունը մինչ օրս ըստ էության չի պատասխանում այդ բողոք-պահանջագրին, չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու պետությունը կարող էր 20 մլն դրամ հատկացնել նկարները վերականգնելու, Երեւան տանելու եւ Կառավարական տան պատերից կախելու համար, եւ չէր կարող նույն գումարը հատկացնել` վերականգնելու եւ որմնանկարները Գյումրիում թողնելու համար: Մյուս զույգ նկարները Կառավարությունը անհատույց եւ անժամկետ տվել է Զվարթնոց օդանավակայանին, կարծես Գյումրին օդանավակայան կամ կայարան չուներ:

Սա մշակութային թալան է, սա անարգանք է գյումրեցիների եւ որմնանկարների պատվիրատուների հանդեպ: Սրա պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է:

Հարգելի հյուրեր, զգուշացնում ենք ձեզ, զգոն եւ ուշադիր եղեք Ձեր համայնքներում առկա մշակութային արժեքների նկատմամբ. նկարներ, որմնանկարները, քանդակներ, ամրոցներ, եկեղեցիներ, գտածոներ եւ այլն, գտեք դրանք պահելու եւ պահպանելու ձեւերը, եւ թույլ մի՛ տվեք, որ իշխանությունը թալանի ձեր համայնքների ունեցվածքը, այնպես, ինչպես մեզ թալանեցին. այս կառավարությունն ու իր մշ. նախարարությունը ընդունակ են առանց ձեզ հետ հաշվի նստելու տանելու ձեր եւ սերունդների ունեցվածքն ու ժառանգությունը:

Մինասի որմնանկարների մասով մշակութային թալանից հետո ՀՀ տեղական ինքնակառավարման 15-ամյակը Գյումրիում նշելը երեւի իրենց խելքով փոխհատուցման միջոցառում է, որն իրականում ծաղր է կողոպտված գյումրեցոնց նկատմամբ:

Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերադարձման խմբի անունից`

Հասմիկ Մելքոնյան, Վահան Թումասյան, Լեւոն Բարսեղյան

http://www.youtube.com/watch?v=Qlm2dxHsQo4&feature=player_embedded

Հ.Գ. Կեսօրից հետո Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Գյումրի ժամանաեցին ՀՀ  փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այն ժամանակ, երբ Նրանք Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանի և  Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանի ուղեկցությամբ շրջում էին տաղավարներում նրանց «Շիրակ կենտրոնի»  ղեկավար Վահան Թումասյանը փորձեց տալ այսօր տարածած հայտարարության օրինակներ, սակայն նրանց ուղեկցողներն ու թիկնապահները կոպտորեն արգելեցին:

Այդ մասին առավել մանրամասը ներկայացվում է տեսանյութում` առանց մեկնաբանության …

http://www.youtube.com/watch?v=MYsq-zZ5rgQ&feature=player_embedded

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը