Կարծիք

03.09.2022 15:38


Ինչո՞ւ է Ալիևը ուժեղացնում իր հակառուսական շեշտադրումները բրյուսելյան հանդիպումից հետո

Ինչո՞ւ է Ալիևը ուժեղացնում իր հակառուսական շեշտադրումները բրյուսելյան հանդիպումից հետո

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Փաշինյանը Բրյուսելում ընդունեց իր հինգ հայտնի սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման բանաձևը: Ըստ Ալիևի, մնացած գործընթացը պիտի իրականացվի արդեն կոնկրետ հանձնաժողովների մակարդակով:

Դրանից հետո Ալիևը անմիջապես մեկնեց Իտալիա, որտեղ հանդես եկավ ընդգծված հակառուսական կարգախոսներով: Ալիևը ընտրել էր արևմտյան լսարանը, որպեսզի ցույց տա իր տեսակետը ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ:

Մասնավորապես խոսելով դրա մասին, նա արտահայտվեց հետևյալ ձևակերպմամբ.

«...Մենք տեսնում ենք միջազգային իրավական նորմերի ամբողջական խախտում։ Այս միջազգային իրավական նորմերը նույնպես խախտվել են մեր դեպքում։ Մենք ակտիվորեն դիմել ենք միջազգային հանրությանը, երբ մեր հողերը գտնվում էին օկուպացիայի տակ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը չէին կատարվում արդեն 27 տարի: Այժմ մենք տեսնում ենք միջազգային իրավունքի խախտումներ շատ այլ տարածաշրջաններում: Մենք տեսնում ենք, որ որոշ երկրներ կարծում են, որ կարող են անտեսել դա, և դա նրանց չի հետաքրքրում։ Այսպիսով, դա բոլորովին նոր իրավիճակ է...»,-եզրակացնում է Ալիևը:

Պետք է նշել, որ Ալիևը առաջին անգամ է հանդես գալիս այսպիսի ընդգծված հակառուսական հռետորաբանությամբ:

Եվ շատ արևմտյան վերլուծաբաններ Ալիևի այս պահվածքը բացատրում են այն հանգամանքով, որ Փաշինյանի ղեկավարած Հայաստանից Ալիևը արդեն ոչ մի վտանգ չի տեսնում իր համար, իսկ Մոսկվան այսօր, գրեթե չունի իրական լծակ ազդելու Ալիևի վրա: Իհարկե, Ալիևը դեռ չի նշում «ագրեսորի» անունը, բայց նրա տեղը դա անում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այս քայլով Ալիևը փորձում է Արևմուտքում դաշնակիցներ ձեռք բերել և դառնալ Ադրբեջանի «Ջոկանովիչը»: Վերջինս Չեռնոգորիայի ղեկավարն էր, ով ավելի քան 25 տարի կառավարում էր այդ երկիրը ոչ դեմոկրատական սկզբունքներով: Պարզապես Արևմուտքը նրան ստիպված աջակցում էր՝ աչք փակելով այլ վատ երևույթների վրա, քանի որ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ձեռքերով երկիրն անջատվեց Սերբիայից, որի արդյունքում վերջինս զրկվեց ելքից դեպի ծով:

Այսօր Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս հենց այդ դիրքավորմամբ՝ հույս ունենալով որ դրա դիմաց Արևմուտքը կգնահատի իր այդ դիրքորոշումը: Ալիևը չի վախենում Մոսկվայի արձագանքից, քանի որ իր ձեռքում ունի նաև Շուշիի հռչակագիրը Թուրքիայի հետ և ի տարբերություն, օրինակ, Վրաստանի, Մոսկվան չի կարող բացահայտ սպառնալ Ադրբեջանին, քանի որ արդյունքում կարող է գործ ունենալ Թուրքիայի հետ: Իսկ ներկա դրությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գոնե թվացյալ «չեզոքությունը», քանի որ երկրորդ ճակատի բացման արդյունքում Մոսկվայի գործերը ուկրաինական ուղղությամբ կարող են էապես դժվարանալ:

Հենց այդ հանգամանքից էլ օգտվում է Ալիևը՝ փորձելով այս պահին մաքսիմալ արագ կապիտալիզացնել իր հաջողությունը դիվանագիտական հարթակներում, մանավանդ որ, Հայաստանում իշխանությունը դեռ գտնվում է պարտված դեմքի ձեռքերում: Այսպիսի բարենպաստ վիճակ Ալիևի համար կարող է ապագայում չլինել, ահա, թե ինչու նա չի վախենում հանդես գալ նման դիրքորոշմամբ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը