Աշխարհ

09.09.2022 18:45


Սամցխե-Ջավախքի Մադաթափա լիճը չորանում է

Սամցխե-Ջավախքի Մադաթափա լիճը չորանում է

Նինոծմինդայի շրջանի Մադաթափա լիճը, որը գտնվում է Սամցխե-Ջավախքի ազգային զբոսայգու տարածքում, չորանում է։ Այս տարի բավականին մեծ տարածք է չորացել: Jnews-ի հաղորդմամբ, լճի չորացման պատճառ Սամեբա գյուղի բնակիչները հիմնականում եղանակային պայմաններն են համարում, քանի որ ամառվա ընթացքում քիչ է անձրև եկել և շոգ էր։ Բնակիչները նաև ասում են, որ տարեցտարի լճում ջրի մակարդակը նվազում է:

Մի քանի տարի է ինչ Մադաթափա լճում ամբարտակ կառուցելու ծրագիր կա, որպեսզի ջրի մակարդակը պահեն, բայց դեռևս ոչինչ չի արվել այդ ուղղությամբ։ Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունից Jnews-ին հայտնeել են, որ ամբարտակ կառուցելու համար էլեկտրոնային մրցույթն արդեն հայտարարված է։

«Պահպանվող տարածքների գործակալությունն ամբարտակի կառուցման մրցույթ է հայտարարել։ Կլիմայական խիստ պայմաններից ելնելով՝ աշխատանքները սպեցիֆիկ են, ինչպես նաև շինարարության համար հատկացված ժամկետներն են սահմանափակ։ Այս փուլում գործակալության կողմից մշակվել է անհրաժեշտ տեխնիկական հանձնարարական և ընթացքի մեջ են նախագծային աշխատանքները։ Լրացուցիչ մանրամասները կհաղորդվեն առաջիկայում»,-ասել են Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունից:

Մադաթափա լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում, ծովի մակարդակից 2108 մ բարձրության վրա։ Մադաթափան տարբերվում է մնացած լճերից թռչունների բազմազանությամբ, այստեղ 180 թռչնատեսակ կա, ինչքան որ Ջավախքի ազգային զբոսայգու ողջ տարածքում կա։

Լճի առավելագույն խորությունը 1,10 մ է, իսկ ափամերձ հատվածում՝ 40 սմ: Մադաթափան սնվում է ստորգետնյա ջրերից, անձրևաջրերից և ձյան հալոցքից, որից առաջացած գետակները սկիզբ են առնում Ջավախքի լեռներից:

Այս խորագրի վերջին նյութերը