Մեկնաբանություն

10.10.2011 00:34


Ֆիասկո

Ֆիասկո

Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա անզուգական (ես կասեի՝ անզուգարան) հանրահավաքներն ավարտվեցին։ Գրանցվեց խայտառակ արդյունք և այդպես էլ պետք է լիներ, քանի որ այս տարվա փետրվար–մարտ ամիսներին Լևոն Տեր–Պետրոսյանը, օգտագործելով այն օրերի հանրահավաքների մարդաշատության և հեղափոխական էներգիայի առկայության գործոնը, իշխանությունների հետ գնաց կուլիսային գործարքի՝ մինչև այդ նպաստելով Սերժ Սարգսյանի դիրքերը թեկուզև ժամանակավորապես ամրապնդող կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանը։

Մարդիկ այդ ամենը ֆիքսեցին, տեսան, որ գործ ունեն հերթական գեղամյանության հետ, ու հիմա «հիմնադիրը» մնացել է՝ ա. լաչառ կանանց կամ «բետեռ»–ների, բ. զոմբիների, գ. լևոնական մաստի «ընդդիմադիր» լրագրողի, հրապարակախոսի կամ վերլուծաբանի կարգավիճակը նախագահականին ծախվելու միջոց դարձրածների, դ. նեղ թիմակիցների, ե. պատահական անցորդների հույսին։

Պապիի գլխաքանակային ապահովման տնային աշխատանքը չկատարվեց և ՀԱԿ–ի՝ «երկխոսությունը» սկսելու պահանջը շուրջօրյա նստացույցի երրորդ օրվանից սկսած սահուն փոխակերպվեց Սերժ Սարգսյանից բաց զուգարանների ապահովման խնդրանքի։

Ինչպես հայտնի է, ՀԱԿ առաջնորդի խնդրանքն այդ Սերժ Սարգսյանը չբավարարեց և, հավանաբար, դա էր նաև պատճառը, որ «փողոցայինները» որոշում կայացրեցին «ինքնաբուխ» կերպով դադարեցնել իշխանական կոալիցիայի հետ «երկխոսությունը» վերսկսելու հուժկու պահանջով սկսած նստացույցն ու ցրվեցին տներով։

Նկատենք, որ «ինքնաբուխ» նստացույց կազմակերպելով՝ Լևոն Տեր–Պետրոսյանը փորձեց ստանալ 2008–ի հետընտրականի էֆեկտը, բայց անցյալի կրկնության փորձը վերածվեց ֆարսի։ Հանրահավաքի մասնակիցները չկարողացան անգամ հասնել արտաքնոցում հայտնվելու իրենց ցանկության բավարարմանը, էլ ուր մնաց «երկխոսվեին» իշխանության կողմից։

Փաստորեն, «ջրբաժանը» և վճռական գործողությունները, որի մասին այնքան խոսում էին նեոբոլշևիկները, տեղի ունեցավ և ակնհայտ դարձավ, որ ՀԱԿ–ը վերածվել է մարգինալների հավաքատեղիի։

Եթե հիշում եք, մի ժամանակ ՀԱԿ–ից տարածում էին, թե հերիք է իրենք մտնեն Ազատության հրապարակ, և վերջ, իշխանությունները կհանձնվեն։ Զոմբիները «կուտը» կերել էին, բայց էյֆորիան կարճ տևեց։ Ոստիկանների ուղեկցությամբ ՀԱԿ–ը մարտի 17–ին մտավ Ազատության հրապարակ, բայց ոչինչ էլ չեղավ ու չէր էլ լինելու, մանավանդ եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ հրապարակը «գրավվեց» Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Դրանից հետո ՀԱԿ–ի շարքային զոմբիներին հավաստիացնում էին, թե բավական է ջրբաժան հայտարարեն ու անցնեն շուրջօրյայի, և վերջ, իշխանությունները կհանձնվեն ու արտահեթ ընտրություն կլինի։ Ինչպես տեսնում եք շուրջօրյան էլ եղավ, բայց կրկին ոչինչ տեղի չունեցավ և պայթեց քարոզչական հերթական պղպջակը։

ՀԱԿ–ի շարքերը հիմա, հավանաբար, իրար են հարցնում, թե ինչու այսպես ստացվեց ու իրենք «մուֆտա» տեղն ինչու նստեցին սառը գետնին ու բորդյուրներին, եթե ոչ մի արդյունք չէր ապահովվելու։ Պատասխանը շատ պարզ է. Ազատության հրապարակի «գրավումը» և մյուս թատերական ներկայացումները պայմանավորված էին իշխանությունների հետ ու արտոնված, բայց արտահերթն ու մնացածը պայմանավորված չէր ու դա է պատճառը, որ շուրջօրյա հանրահավաքի մասնակիցները նույնիսկ բաց զուգարանի չարժանացան, էլ ուր մնաց, թե արտահերթ նախագահականի անցկացմանը հասնեին։

Տեր–Պետրոսյանի միակ գործն այժմ մնում է Սերժ Սարգսյանի իշխանության կայունության երաշխիքի դերն «արժանապատվորեն» կատարելը, բայց արդեն «ափաշքարա» ձևով, ինչին էլ ականատես կլինենք առաջիկայում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի դեպ, այս շուրջօրյան շատ խորհրդանշական էր և ահա, թե ինչու։ 8 օր Ազատության հրապարակում վրանների տակ անցկացրածները Լևոն Տեր–Պետրոսյանի ղեկավարության ներքո ապրեցին այնպես, ինչպես նրա իշխանության տարիներին, այն է՝ ցրտի ու խավարի մեջ քնեցին շորերով, մի կերպ բավարարեցին իրենց տարրական կարիքներն ու վարեցին նախնադարին վայել կյանք։ Միակ տարբերությունը նախորդ դարի 90–ականներից այն էր, որ տարածքում, որտեղ գիշերում էին «ժողովրդավարության» աննկուն մարտիկները, հոսանք կար։ Մնացած առումներով ամեն ինչ նույն էր, ու մնում էր միայն «ֆուջիկա»–ները տեղադրվեին յուրաքանչյուր վրանի կողքը, և ֆարսը կատարյալ կդառնար։

Այս խորագրի վերջին նյութերը