Քաղաքական

12.09.2022 13:01


Ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել Կարմիր շուկայի և Թաղավարդի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել Կարմիր շուկայի և Թաղավարդի ուղղությամբ

Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ-ը:

«Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։

Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։

Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։

ՄԻՊ աշխատակազմի կողմից կրակահերթերի վերաբերյալ քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։

Այս գործողությունները Արցախի ժողովրդի կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր վարքագծի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույցն է, որի նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն և խաթարել նրա բնականոն կյանքն ու գործունեությունը»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը