Աշխարհ

14.09.2022 21:12


Ռուսաստանում կասկած անգամ չկա, որ Փաշինյանի նպատակն է՝ հանձնել ամեն ինչ. Խրամչիխին

Ռուսաստանում կասկած անգամ չկա, որ Փաշինյանի նպատակն է՝ հանձնել ամեն ինչ. Խրամչիխին

«Ռուսաստանում շատերը կարող է տանջվեն, որ Ռուսաստանը զիջի դիրքերը Հայաստանում ու Ղարաբաղում, բայց դա շատ հավանական է»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Հայաստանի դեմ:

Ռազմական տեսանկյունից, նրա խոսքով, ամեն ինչ հնարավոր է, սակայն խոսքն արդեն ՀՀ տարածքի օկուպացիայի մասին է, բայց Ադրբեջանը ցանկանում է միջանցք դեպի Նախիջևան, տեսականորեն ոչինչ բացառել չի կարելի: «Սկսելով պարտվել երկու տարի առաջ՝ Հայաստանն ինքն է իրեն դրել նման իրավիճակի մեջ, երբ նրան պարզապես խփում են մինչև վերջ, և նա արդեն ունակ չէ դրան պատասխանել: Ինչպե՞ս է հասել այս իրավիճակին՝ պետք է թերևս ողջ հետսովետական պատմությունը քննարկել: Ռուսաստանում կասկած անգամ չկա, որ Փաշինյանի նպատակն է՝ հանձնել ամեն ինչ: Ամենաքիչը՝ Ղարաբաղը: Այդ նպատակն էլ այսօր իրագործվում է: Բայց նրան ընտրել են, ուստի հայերը կարող են նեղանալ միայն իրենցից: Ոչ մեկից նեղանալու իրավունք չունեն, հատկապես, երբ Հայաստանն այդպես էլ չճանաչեց Ղարաբաղը: Երևում է նաև, որ ռազմական գերատեսչությունն ամբողջությամբ բարձիթողի վիճակում է: Ամերիկյան կառույցները ևս Հայաստանում ակտիվ և ուժեղ աշխատել են, և Փաշինյանն ինչ-որ առումով այդ ամենի պրոդուկտն է: Ռուսաստանում դա չէին կարող չնկատել, և դա, ինչպես երևում է, շատ դուր չի եկել Ռուսաստանին: Այսինքն՝ սա համակարգային խնդիրների հետևանք է»,-մեկնաբանեց Խրամչիխինը:

Դիտարկմանը, որ ՀՀ-ում ակտիվորեն քննարկվում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման հարցը, վերլուծաբանը պատասխանեց, որ Հայաստանը կարող է իր վեկտորը փոխել, բայց Հայաստանը չի կարող փախչել իր աշխարհագրությունից, որում գտնվում է: «Բացարձակ անհասկանալի է, թե Հայաստանին ինչ է տալու Արևմուտքը, ծիծաղելի է նույնիսկ ենթադրել, որ Արևմուտքում ինչ-որ մեկը Հայաստանին փրկելու է: Բայց այդ կապակցությամբ մեզ մոտ որևէ մեկը լուրջ չի լարվի, որովհետև մեզ մոտ էլ հակառուսական տրամադրություններ տեսնելիս՝ խորանում են հակահայկական տրամադրությունները: Շատ լավ հիշում եմ 1990-ական թթ. պատերազմը, երբ ՌԴ-ում ճնշող մեծամասնությունը Հայաստանի կողմից էր, երկու տարի առաջ տեղի ունեցած պատերազմի դեպքում բացարձակ մեծամասնությունը չեզոք էր, որևէ մեկին չէր ցանկանում աջակցել՝ պատերազմեք՝ որքան կուզեք, մեզ դա չի անհանգստացնում, դա մեր պատերազմը չէ: Ներկայումս՝ առավել ևս, երբ կան զարգացումներ Ուկրաինայում: Ուստի Հայաստանը կարող է փոխել իր վեկտորը՝ որ ուղղությամբ ցանկանում է, սակայն դրանից ՀՀ աշխարհագրությունը չի փոխվելու»,-ասաց Խրամչիխինը: Իսկ թե ինչու է Ռուսաստանը չեզոքություն ցուցաբերում, իր պայմանագրային պարտավորությունները չի կատարում, Խրամչիխինը գտնում է, որ Ռուսաստանը ռեսուրսներ չունի, մաքսիմումը կարող է գործադրել 102-րդ բազան, բայց նույնիսկ բազան նա չի կարող վերազինել և օգտագործել, ուստի ՌԴ-ն պատրաստ չէ այստեղ ռազմական հակամարտության, հատկապես՝ լայնամասշտաբ:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, ըստ նրա, ՀԱՊԿ-ը պարզապես զեկույց է պատրաստելու, հետո ներկայացնելու, իսկ ՀԱՊԿ-ը այնպիսի կազմակերպություն է, որտեղ Ռուսաստանը բոլորին պարտք է, իսկ Ռուսաստանին ոչ մեկը ոչինչ պարտք չէ: «Ուստի տարօրինակ է սպասել, որ ինչ-որ բան կփոխի այդ առաքելությունը: Սա գուցե սխալ է, բայց այդպես է, որ այդ կառույցում ոչ մեկը մյուսին ոչինչ պարտավոր չէ»,-նկատեց ռազմագետը: Նա գտնում է, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց ո՞ւմ համար դա ինչ կփոխի, դա է կարևոր հարցը, և որքանո՞վ կհեշտանա Հայաստանի իրավիճակն այդ որոշումից:

Իսկ պատերազմը, Խրամչիխինի կարծիքով, կարող է երկարաձգվել, քանի դեռ Ադրբեջանը չի լուծել բոլոր հարցերն իր օգտին: «Երեք տարի անց, ամենայն հավանականությամբ, նա հայտարարելու է, որ խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում ավարտված է, և ՌԴ-ն տարբերակներ չի ունենա, քան լքել Ղարաբաղը, ու մի քանի շաբաթում Ադրբեջանը կվերցնի Ղարաբաղը»,-ասաց նա:

Խրամչիխինը գտնում է, որ Ռուսաստանի դուրսմղումը Հայաստանից ու Ղարաբաղից շատ հավանական է: «Ռուսաստանում շատերը կարող է տանջվեն, որ Ռուսաստանը դուրս գա, և նշեն, որ ՌԴ-ն դիրքեր է զիջում, բայց, ըստ իս, մարդիկ պարզապես կառչում են սովետական ժառանգությունից, շատերը, որոնք ապրել են Սովետական Միությունում, ես ևս ապրել եմ, բայց ես հիանալի հասկանում եմ, որ ԽՍՀՄ փլուզումից ամենաշատը շահել է հենց ՌԴ-ն, թեև ամենաշատն է տանջվում նրանից, որ չկա ԽՍՀՄ-ը: Ռուսաստանը հեռացավ Վրաստանից, ստացավ Գաբալան Ադրբեջանում, հայտնվեցին Աբխազիան, Հարավայի Օսիան, սա դեռ բավարար է թվում»,-ասաց Խրամչիխինը:

Այս խորագրի վերջին նյութերը