Խմբագրական

12.09.2011 19:27


Փոփոխվել՝ մնալով նույնը

Փոփոխվել՝ մնալով նույնը

Հարգելի՛ ընթերցող, ինչպես արդեն հասցրեցիր նկատել՝ www.7or.am լրատվավերլուծական կայքէջի արտաքին տեսքում և կառուցվածքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Այդ ամենն իրականացրել ենք՝ հաշվի առնելով  թե՛ մեր այցելուների, թե՛ մասնագետների ցանկություններն ու կարծիքները։ Նպատակը շատ պարզ է. ավելի հարմարավետ դարձնել կայքէջից օգտվելը։

Նմանատիպ փոփոխություններ մշտապես նախաձեռնելու ենք, քանի որ համացանցում լրատվության մատուցումը գործունեության դինամիկ զարգացող տեսակ է և սուր մրցակցության պայմաններում մենք իրավունք չունենք պարբերաբար թարմություն չմտցնել մեր աշխատանքներում։ Փոփոխություններ չեն լինի, սակայն, «7 օրի» աշխատանքային սկզբունքներում ու մեր թիմի քաղաքացիական դիրքորոշման մեջ։ Վստահաբար կարող եմ պնդել, որ ունենք մեր դիմագիծն ու ոճը, և այդ ամենը պահպանվելու է։

«7 օրի» գործունեությանը հետևողները համոզվել են, որ ստեղծման առաջին իսկ օրվանից մեր հստակ գիծն ենք ներկայացրել ու չենք շեղվել այդ գծից անգամ 1 միլիմետր։ Քաղաքական, հասարակական ու լրատվական դաշտում շատերը այս ու այն կողմ են թռչկոտել և դրսևորել թափառաշրջիկի կամ, կոպիտ ասած, բոմժի վարքագիծ, բայց մենք մնացել ենք մեր դիրքերում։ Այսուհետ ևս նույնն է լինելու, ինչը նշանակում է, որ շարունակելու ենք «չոր», անկողմնակալ և հնարավորինս օպերատիվ լրատվություն մատուցել, իսկ մեր տեսակետները, վերաբերմունքը և գաղափարական համակրանքն ու հակակրանքը ներկայացնելու ենք խմբագրականում և մեկնաբանությունում՝ ընթերցողին հնարավորություն տալով ստանալ այլընտրանքային ու, մասնավորապես, սերժալևոնական վերահսկողությունից դուրս գտնվող վերլուծություններ և գնահատականներ։

«7 օրը» շարունակելու է հնարավորություն տալ տարբեր հայացքներ ունեցող մարդկանց հրապարակավ արտահայտվելու։ «Կարծիք» բաժինը ստեղծվել է հենց այդ նպատակով և շատերի համար, մեծ հաշվով, դարձել է ազատ ամբիոն, այլ հարց է, որ ոչ բոլորն են  օգտվում այդ հնարավորությունից, բայց դա արդեն մեր խնդիրը չէ։ «Հարցազրույց» բաժինը նույնպես ծառայում է տարատեսակ կարծիքների ներկայացմանը։

Ինչ վերաբերում է «Ծուռ հայելուն», ապա այն փոխել է իր տեղը կայքէջում, բայց չի փոխելու սրությունը։ Եթե մարդը «երկխոսող» է, «նախաձեռնող», «ֆուտբոլասեր», «տիրացու», ինքնասիրահարված նարգիզ, երդվյալ քիրվա, «էջմիածնական միաբան» կամ պարզապես փեսա, ապա «Ծուռ հայելին» դրանում մեղավոր չէ։ Մենք հումորով համեմված ծաղրանկարի տեսքով ընդամենը ցույց ենք տալիս այն ինչ կա։

Մեր կարգախոսը նույնպես չի փոխվել ու չի փոխվելու՝ ճանաչի՛ր ինքդ քեզ։

Շարունակե՛ք այցելել  www.7or.am և ծանոթանալ մեր երկրում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին շաբաթվա յուրաքանչյուր օր։ Մեր ընթերցողների շարունակական և կայուն աճը լրացուցիչ փաստարկ է մեզ համար՝ հավատարիմ մնալ դավանած արժեքներին ու  սկզբունքներին։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը