Լրահոս

17.09.2022 20:21


Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը

Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը։

News.am–ին Իրինա Գասպարյանի հարազատները պատմեցին, որ Իրինան 47 տարեկան էր, 5 տարի առաջ է ծառայության անցել, աշխատում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։ Նա մասնակցել է նաեւ 44–օրյա պատերազմին։

Իրինան Վարդենիսից էր, երկու երեխաների մայր։

Հիշեցնենք, որ այս պահին հայտնի է եւս 3 կին զինծառայողների զոհվելու մասին՝ Սուսաննա Մարգարյան, Անուշ Աբետյան եւ Ալիսա Մելքոնյան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։

Սեպտեմբերի 14–ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Այս խորագրի վերջին նյութերը