Լրահոս

19.09.2022 09:52


Հրդեհ Երևանի Սևանի փողոցում․ կրակը մոխրի է վերածել 2 տուն

Հրդեհ Երևանի Սևանի փողոցում․ կրակը մոխրի է վերածել 2 տուն

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 00։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս 1 մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 2 մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Բժշկական ապահովման վարչություն հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։03-ին, մարվել՝ 03։10-ին։

Այրվել են Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքը (մոտ 130 քմ), հարևանությամբ գտնվող տունը (40 քմ) և տանը կից խորդանոցը (մոտ 15 քմ)։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տներ։

Բնակիչներն ասում էին, որ հրդեհի հիմնական պատճառը փողոցում եղած փայտե էլեկտրասյան վրայով անցկացված բազմաթիվ, իրենից վտանգ ներկայացնող էլեկտրալարերն են. ոչ գազից է առաջացել հրդեհը, ոչ է քաղաքացիների անզգուշությունից. «Բազմիցս դիմել ենք էլեկտրոցանցին, այդ թվում՝ տեսուչներին, որպեսզի վերացնեն խնդիրը, բայց ոչ մի օգուտ։ Էլեկտրասյան ու տան տանիքների վրայով էնքան շատ լարեր են անցնում, ասես սարդոստայն լինի։ Մի փոքր քամի, լարերը կպնում են իրար, ու կրակն ու հրդեհը պատրաստ են։ Անգամ գիշերները էլետրաէներգիան անջատում ենք, որ նման բան տեղի չունենա։ Խնդիր է նաև «Վեոլիա Ջուրը». գիշերը, ժամը 23։30-ից ջրամատակարարումը դադարում է, իսկ եթե ջուր լիներ, մինչև հրշեջների ժամանումը, ովքեր շատ օպերատիվ են ժամանել, մենք բնակիչներով կրակը կհանգցնեինք։ Հիմա չգիտենք՝ ով է փոխհատուցելու վնասները, իսկ որ դրա մեղավորը «Հայաստանի էլետրական ցանցեր» ընկերությունն է, դա ակնհայտ է։ Անզեն աչքով էլ երևում է, որ էլեկտրասյունն ու տան տանիքների վրայով անցնող լարերը իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար»։

Այս խորագրի վերջին նյութերը