Քաղաքական

21.09.2022 10:35


Հայոց պետականության ապագան կասկածի տակ դնող այս իրականությունը հնարավոր է հաղթահարել միասնականությամբ և ազգային պետական մտածողություն կրող իշխանությամբ. «Հայաստան» դաշինք

Հայոց պետականության ապագան կասկածի տակ դնող այս իրականությունը հնարավոր է հաղթահարել միասնականությամբ և ազգային պետական մտածողություն կրող իշխանությամբ. «Հայաստան» դաշինք

1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Այո' ասելով անկախությանը, Հայ ժողովուրդն իրացրեց իր դարավոր երազանքն ու հունավորեց պատմական մի ընթացք, որի պսակն Արցախյան ազատամարտն էր, մեծագույն ձեռքբերումը՝ Հայոց երկրորդ պետականության փաստացի գոյությունը։

Անկախության տարեգրության արժանապատվության էջերը կերտեց մի սերունդ, որն անկախ պետականության երազանքի, ազգային իրավունքների և դրանց իրականացմանը լծված պետականության համար պատրաստ էր անասելի խիզախումի։

Համառ և ոչ միշտ սահուն ընթացքով, համազգային նվիրումով մեզ հաջողվեց ամրացնել Հայոց պետականությունը՝ ՀՀ քաղաքացի լինելու հպարտություն ներշնչելով ողջ հայությանը։

Ցավոք, Անկախության 31-րդ տարեդարձը դիմավորում ենք իրական պատերազմի միջավայրում, անվտանգային անասելի սպառնալիքներով, խոցված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, համազգային նվաստացման մթնոլորտում, անդառնալի մարդկային կորուստների ցավով։

Եվ, այդուհանդերձ, այսօր, ավելի քան երբեք, մեզ պետք է միավորի Անկախ պետականության, ազգային գոյատևման և ազգային արժանապատվության խորհուրդը։

Անկախություն նվաճած ու հաղթանակներ պարտադրած ժողովուրդն ընկրկելու իրավունք չունի։

Հայոց պետականության ապագան կասկածի տակ դնող այս իրականությունը հնարավոր է հաղթահարել միայն համազգային նպատակներ բանաձևելով, միասնականությամբ և ազգային պետական մտածողություն կրող իշխանությամբ։

Այդ ներուժը մենք ունենք, մենք կարող ենք, մենք նոր պարտությունների իրավունք չունենք։

Միասին պաշտպանենք մեր Անկախությունը, տեր լինենք պետականություն և արժանապատիվ գոյություն ունենալու մեր իրավունքին:

«Հայաստան» դաշինք

Սեպտեմբերի 21, 2022թ.

Այս խորագրի վերջին նյութերը