Լրահոս

13.09.2011 14:41


Հաղորդում անբարեխիղճ աշխատանքի և անպատժելիության մասին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին

Հարգարժան պարոն Վարչապետ

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը տևական ժամանակ է, ինչ զբաղվում է ադրբեջանահայ փախստականների քաղաքական և քաղաքացիական իրավունքների ու շահերի պաշտպանությամբ։

Իր գործունեության շրջանակներում ցանցն իր հնարավոր ազդեցությունն է ցուցաբերել Կոտայքի մարզի Քասախ գյուղի տարածքում գտնվող նախկին գաղութի բանտախցերում ապաստանած փախստականների բնակարանային խնդրի լուծմանը։ Այս խնդրին լուծում տալու համար Ճապոնիայի կառավարությունը հատկացրել էր ավելի քան 760 հազար ԱՄՆ դոլար: Նշված գումարով որոշվեց երկու բնակելի մասնաշենք կառուցել Քասախում։ 2010 թ. հունիսի 25-ին տեղի ունեցավ առաջին մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ որոշ ժամանակ անց պարզվեց, որ հատկացված գուրմարն ամբողջությամբ սպառվել է և երկրորդ մասնաշենքը չի կառուցվելու, ինչը Քասախի փախստականների մոտ խուճապ առաջացրեց, քանի որ դեռևս շատ ընտանիքներ սպասում էին բնակարանների: Ամիսներ անց նորակառույցը սկսեց ճաքեր տալ և հայատարարվեց, որ  այն քանդելու են։ Հետո որոշվեց, որ պետք է վերակառուցեն, ամրացնեն հիմքերը: Փախստականները մինչ օրս բանտախցերում են ծվարած, իսկ կատարվածի համար ոչ մեկը որևէ պատասխանատվության չենթարկվեց։ Մեր գործունեության ընթացքում համոզվել ենք, որ թե՛ ՀՀ պատկան մարմինների, թե՛ համապատասխան միջազգային կառույցների մոտ ադրբեջանահայ փախստականների նկատմամբ ձևավորվել է բացառիկ սռապողական վերաբերմունք, որին օր առաջ հարկավոր է վերջը տալ։ Մեր համոզմամբ, վերը նկարագրված դեպքն ունի կոռուպցիոն ենթատեքստ և մենք ակնկալում ենք, որ Դուք ՀՀ կառավարության վերահսկողական ծառայության ուժերով կարող եք պարզել գործի հետ կապված բոլոր մանրամասները և, հիմքերի առկայության  պարագայում, միջնորդել, որ ՀՀ դատախազությունը ձեռնարկի անհրաժեշտ քայլեր` մեղավորներին բացահայտելու համար։

Այս գործի վերաբերյալ մեզ հաջողվել է պարզել հետևյալը.

  • Ճապոնիայի կառավարությունից ստացված նշված գումարը տնօրինել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի ներկայացուցչի գրասենյակը։ Մեր ունեցած տվյալներով Քասախի բնակարանաշինական նախագծի պատասխանատուն եղել է վերոհիշյալ գրասենյակի աշխատակից տիկին Ռոզա Մինասյանը։ Այս գրասենյակի որոշմամբ է ընտրվել շինարարության կապալառուն,
  • Ստեղծվել էր եռակողմ հանձնաժողով, որում ընդգրկվել էին արդեն հիշատակված տիկին Ռ.Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ.Եգանյանը և Քասախի գյուղապետ Ա.Մկրտչյանը։ Ենթադրվում է, որ հանձնաժողովը պետք է վերահսկեր շինարարության ընթացքը և որակը, ապա նորակառույցը հանձնվեր գյուղապետարանի հաշվեկշռին,
  • Ներկայումս ավարտին է մոտեցել երկրորդ մասնաշենքի շինարարությունը (ֆինանսավորման աղբյուրը մեզ հայտնի չէ) և որոշում է կայացվել այն շահագործման հանձնել վերականգնված առաջին մասնաշենքի հետ միաժամանակ։ Բնակարանների բաշխման չափորոշիչները պարզ չեն ոչ մեկի համար և արդեն ընթացքը ցույց է տալիս, որ իրականացվում են կամայական գործողություններ /մասնավորապես` Ավանեսյանների բազմանդամ ընտանիքի նկատմամբ/,
  • Այժմ հանձնաժողովում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի ներկայացուցչի գրասենյակին փոխարինել է «Save the children»  կազմակերպության Հայաստանի մասնաճյուղը։

Փաստ է` 760 հազար ԱՄՆ դոլարի չափով հատկացումները հօդս են ցնդել և Դուք, որպես ՀՀ Կառավարության ղեկավար, հակակոռուպցիոն պայքար ծավալած իշխող կուսակցության անդամ, պետք է շահագրգիռ լինեք, որ այս կարգի վատնումները կանխվեն, իսկ մեղավորները պատժվեն, անկախ այն բանից, թե ինչ պաշտոն են գրավում և որ միջազգային կազմակերպության աշխատակից են հանդիսանում: Մենք նաև հորդորում ենք Ձեզ անհրաժեշտ ջանքերը գործադրել, որպեսզի այսուհետ փախստականների կարիքները հոգալուն ուղղված ֆինանսական միջոցների և դրանց նպատակայնության վերաբերյալ պարտադիր տեղեկատվություն տրամադրվի հանրությանը, իսկ կոնկրետ նախագծերի իրականացման գործում նաև անմիջական մասնակցություն ունենան փախստականների ներկայացուցիչները։ Խնդրում ենք նաև, գործունեության թափանցիկությունն ապահովելու մասին հորդորով դիմեք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակին, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այնտեղ քամահրանքով են վերաբերվում փախստականների հետ շփումներին։

Հարգանքով`

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանց

Այս խորագրի վերջին նյութերը