Աշխարհ

25.09.2022 09:15


Կա լարվածություն Իրանի ու Ադրբեջանի միջև, այս անգամ Իրանի համար հարցի գինը շատ ավելի բարձր է, քան անցյալ տարի․ ռազմական վերլուծաբան

Կա լարվածություն Իրանի ու Ադրբեջանի միջև, այս անգամ Իրանի համար հարցի գինը շատ ավելի բարձր է, քան անցյալ տարի․ ռազմական վերլուծաբան

Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում չափազանց լարված է՝ պայմանավորված այստեղ Ռուսաստանի վերադիրքավորման հետ։

Ըստ նրա, ՌԴ-ն ուկրաինական հանգամանքներից ելնելով՝ մի փոքր «հեռանում է» Հարավային Կովկասում անընդհատ ներկայություն ունեցող, ամեն հարց կարգավորող երկրի դերից, լիովին չլքելով իր դիրքերը, սակայն քիչ չեն երկրները, որոնք ցանկանում են դա վերածել կայուն իրավիճակի, որի համար շտապում են։

«Սա ստեղծում է խնդիրներ Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի միջև, դա նկատվում էր վաղուց, ավելի ինտենսիվ արդեն այս օրերին ծավալվող քարոզչությունից իրանական և ադրբեջանական մամուլում։ Կա մեծ լարվածություն, որը կարծես նախորդ տարվա ադրբեջանաիրանական լարվածության շարունակությունը լինի։ Սակայն այս անգամ գինն Իրանի համար շատ ավելի բարձր է, քանի որ դրված է գոնե տեսականորեն հայ-իրանական սահմանի հարցը։

Թուրքիան շտապում է վերադիրքավորվել Հարավային Կովկասում, նախքան մյուս կենտրոնները դա կանեն կամ կշարժվեն իրենց տեղից։ Սա անակնկալ չէ, քանի որ Թուրքիայի հավակնությունները մշտապես հայտնի են եղել։ Սակայն, ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, այնպես էլ այսօր նրանք չեն հրաժարվել ուժային սցենարներից և բոլոր հարցերը ցանկանում են լուծել հենց ուժի ներքո կամ դրա սպառնալիքի ներքո։

2020 թվականի պատերազմից հետո մենք մի քանի փուլով ռազմական գործողությունների ականատես ենք եղել և ընդհանուր ռազմաքաղաքական այս թեժ իրավիճակը և ապատեղեկատվությունները թույլ է տալիս ենթադրել, որ այդ վտանգները չեն թուլացել»,-ասաց Եվսեևը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի թեման նման մեծ ակտիվությամբ շրջանառելն իմաստ չունի, քանի որ որևէ անակնկալ չբացահայտվեց ՀԱՊԿ վերջին շաբաթների գործունեությամբ։

«Մենք բազմիցս ենք խոսել, որ այս կառույցում չկա միասնականություն, կոնսենսուս՝ հատկապես անդամ երկրներին սպառնացող վտանգները հետ մղելու հարցում, ուստի այդ թեմայի արծարծումը ՀՀ-ում այդ ծավալով անհասկանալի է թվում»,-ասաց Եվսեևը։

Ըստ նրա, ստեղծված իրավիճակում կարևոր է, թե Հայաստանում ինչ է արվել սեփական անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։

«Ռուսաստանի համար Հարավային Կովկասի կարևորությունն օր օրի պակասում է, հաշվի առնելով ՌԴ-ի համար առաջացող խնդիրների մասշտաբը։ Նման զարգացումների դեպքում ՌԴ ներկայության հետ կապված ամեն սցենար հնարավոր է թվում»,-նկատեց նա։

Ամփոփելով՝ նա նշեց, որ կա վտանգ, որ կարող են բռնկվել նոր լարվածություններ։

«Այստեղ ՌԴ-ն կփորձի անել այն հնարավորը դիվանագիտական ճակատում, ինչ կարող է։ Սակայն բոլորը գիտեն, որ ՌԴ-ն անձամբ մոբիլիզացիա է հայտարարել և գտնվում է մեծ պատերազմի մեջ։ ՌԴ-ի համար խնդիրների բնույթն ու մասշտաբը լրիվ այլ են, ուշադրությունը լրիվ այլ մասշտաբի հարցերի վրա է»,-նկատեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը