Լրահոս

27.09.2022 12:34


Երկրում տիրող իրավիճակով պայմանավորված` տուրիստական ընկերությունները փոխել են իրենց ուղղությունները

Երկրում տիրող իրավիճակով պայմանավորված` տուրիստական ընկերությունները փոխել են իրենց ուղղությունները

Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված` ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունները վերակազմակերպել են իրենց աշխատանքը: «One way» տուրիստական ընկերության ներքին տուր մենեջեր Լուիզա Գասպարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ տուրիզմը տուժել է հիմնականում երկրի հարավային հատվածում: Որպես փոխարինող ուղղություններ՝ տուրիստական ընկերություններն առաջարկում են տուրեր դեպի Գառնի- Գեղարդ, Սևան: «Ունեցել ենք բազմաթիվ համերգ-տուրեր, նաև ներկայացում-տուրեր, փառատոններ, որոնք, տվյալ իրավիճակով պայմանավորված, չեղարկվել են: Օրինակ՝ չեղարկվել են Արենիում գինու, գաթայի փառատոնը, Արամ MP3-ի համերգը»,-ասաց նա:

«ArmԼand» տուրիստական գործակալության տուր մենեջեր, լեռնային ուղեկցորդ Գոհար Սարգսյանն էլ նշեց, որ տուրիզմի ոլորտում շատ դժվար է վերակազմակերպվել այս իրավիճակներում, բայց, ցավոք սրտի, արդեն փորձ ունեն, իսկ ստեղծված իրավիճակում պարզապես փոխել են այն ուղղությունները, որոնք թեժ կետերում են եղել` Սյունիքը, Վայոց ձորը, խուսափում են Ջերմուկից, Տաթևից: Սարգսյանը նշում է` Սյունիքը և Վայոց ձորը միշտ էլ համարվել են զբոսաշրջային ամենաակտիվ ուղղություններից:

«Սյունիքն ու Վայոց ձորը հայտնի են սիրելի լեռներով ոչ միայն տուրիստների, այլև արշավականների համար, դրա համար հիմա շատ դժվար է մեզ համար, բայց այս պահի դրությամբ փորձում ենք փոխել ուղղությունները: Դրանք հիմնականում տեղափոխել ենք Տավուշի, Շիրակի մարզեր, Արագածոտն, Արմավիր»,-ասաց նա:

«ArmLand» զբոսաշրջային ակումբի հիմնադիր ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանն էլ հավելեց, որ 2020 թվականի քովիդից և պատերազմից հետո դժվարությամբ, դանդաղ տեմպերով ոլորտը սկսեց նորից թափ առնել:

«Այս տարի այցելուների թիվը կրկնապատկվել է: Եթե այս տեմպը շարունակվի և ընթացքում որևէ միջադեպեր չգրանցվեն, 2023 թվականը ակտիվ տուրիստական սեզոն կլինի, նույնիսկ հնարավոր է հյուրանոցներում տեղի խնդիր առաջանա: Ապրիլից մինչ նոյեմբեր ակտիվ տուրիստական սեզոն է: Հայաստանը մեծ պոտենցիալ ունի, հատկապես քայլարշավների համար»,-ընդգծեց նա:

Ոլորտի մասնագետները նշում են՝ Հայաստանում տուրիզմը մատչելի է, բնությունն ու սպասարկումը` լավը: Եվ եթե միջադեպեր չգրանցվեն, Հայաստանը կարող է քայլարշավային լավագույն երկրների ցանկում լինել:

Այս խորագրի վերջին նյութերը