Կարծիք

14.09.2011 10:16


Հայ-թուրքական արձանագրու- թյունների մասին գիրքը նախազգուշացնում է արաբներին չհավատալ թուրքերի բարեկամությանը

Հայ-թուրքական արձանագրու- թյունների մասին գիրքը նախազգուշացնում է արաբներին չհավատալ թուրքերի բարեկամությանը

Անցյալ շաբաթ ես պատիվ ունեցա ներկա գտնվել Բեյրութում Լիբանանի Հայ դատի հանձնախմբի կողմից հովանավորվող հատուկ միջոցառմանը, որը նվիրված էր իմ արաբերեն նոր գրքի հրատարակմանը` «Հայ-թուրքական արձանագրություններ. Ճշմարտությու՞ն, թե խաբեությու՞ն»: Գիրքն այն 43 խմբագրականների ժողովածուն է, որոնք վերջին երեք տարիների ընթացքում գրել էի վիճահարույց արձանագրությունների մասին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթում:

ՀԴՀ-ի ներկայացուցիչներից Ջորջ Սաբունջյանի ողջույնի խոսքերից հետո, Դամասկոսից գրքի թարգմանիչ դոկտոր Նորա Արիսյանն իր ելույթում հայտարարեց, որ Սասունյանի խմբագրականները բացահայտում են Թուրքիայի կառավարության կեղծ մտադրությունը: Նա հիշեցրեց լսարանին, որ հեղինակը ճշգրտորեն կանխատեսել էր բանակցությունների հենց սկզբում, որ Թուրքիան չի պահի արձանագրությունները վավերացնելու և Հայաստանի շրջափակումը վերացնելու իր խոստումը:

Դոկտոր Արիսյանից հետո ելույթ ունեցավ վետերան, Լիբանանի նախարար Միշել Էդդեն, ով գրքի համար գրել էր երկարաշունչ և խորիմաստ առաջաբան: Պարոն Էդդեն իր բազմամյա ու վաստակավոր աշխատանքային ասպարեզում զբաղեցրել է հինգ նախարարական պաշտոններ Լիբանանի տարբեր կառավարություններում: Իր խոսքում, կարկառուն նախարարը գովաբանեց հեղինակի վերլուծական խմբագրականները, գովեստի խոսքեր ուղղեց Լիբանանի հայկական համայնքին երկրի զարգացման գործում իր ակտիվ դերակատարման համար և մեղադրեց Թուրքիային Հայոց ցեղասպանությունը մերժելու համար: Իր ելույթի վերջում նախարար Էդդեն անակնկալ մի հայտարարություն արեց` անձամբ նվիրելով  25,000 ԱՄՆ դոլար Լիբանանի ՀԴՀ-ին:

Երեկոյի ելույթներն արաբերեն լեզվով էին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ լսարանում ներկա էին արաբ հյուրեր և գիրքը հասցեագրված էր արաբ ղեկավարներին և զանգվածներին: Ես էլ իմ խոսքի մի մասը արաբերենով արտասանեցի: Զարմանալիորեն, ես դեռ հիշում էի արաբերենը, որը սովորել էի ավելի քան 40 տարի առաջ Բեյրութի Սոֆյա Հակոբյան վարժարանում:

Ես հիշեցրեցի ներկաներին, որ Թուրքիայի կառավարության իրական մտադրությունը արձանագրությունների շահարկելն էր Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի վերջինս հրաժարվի Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչումը հետապնդելուց և խաղաղ բանակցությունների տպավորություն ստեղծելով, զգուշացնել մյուս երկրներներին, մասնավորապես Միացյալ Նահանգներին, որ եթե ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, դրանով կխոչընդոտեն այս շինծու հաշտեցումը և նոր ձևավորվող հարաբերությունները։

Ավելին, Թուրքիան ցանկանում էր, որ Հայաստանը վերադարձնի Արցախը Ադրբեջանի տիրապետությանը,  ետ կանգնի Թուրքիայի կողմից բռնագրավված Արևմտյան Հայաստանի պահանջից, ինչպես նաև փորձում էր թուլացնել հայկական համընդհանուր միասնականությունը՝ բաժանելով սփյուռքին հայրենիքից։

Համառորեն հետապնդելով Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու իր նպատակը՝ Թուրքիայի կառավարությունը շարունակեց մերժել արձանագրությունների վավերացումը, որը ստորագրել էր երկու տարի առաջ։ Չկարողանալով հասնել իր նպատակներին՝ Թուրքիայի պառլամենտը անցյալ ամիս վերջնական մի քայլ ձեռնարկեց արձանագրությունների դեմ՝ հանելով դրանք իր օրակարգից՝ բերելով տեխնիկական պատճառաբանություններ։

Հայ-թուրքական արձանագրությունների այս ձախողված փորձը հստակ ցույց է տալիս, որ Թուրքիան ավելի շահագրգռված է դիվանագիտական խաղեր խաղալ և կեղծ տպավորություն ստեղծել, քան խաղաղ համագոյակցության ձգտել։ Թուրքիայի պարտավորությունները չեն կարող լուրջ ընդունվել, իսկ միջազգային պայմանագրերի վրա դրված Թուրքիայի ղեկավարների ստորագրությունները ոչ մի արժեք չունեն։

Իմ խոսքում ես մատնանշեցի, որ թուրք առաջնոդները հանդես էին գալիս որպես պաղեստինցիների պաշտպան և բոլոր արաբների ու մուսուլմանների աջակից, մինչդեռ շարունակում են մնալ Իսրայելի ռազմավարական գործընկերը և ծածուկ ձևով նրա հետ կիսվում է արաբական երկրների առավել զգայուն ռազմական գաղտնիքները:

Իմ կարծիքով, պաղեստինցիներին և ընդհանրապես արաբներին հարկավոր չէ Թուրքիայի նոր Օսմանյան ղեկավարների կեղծ բարեկամությունը: Արաբները պետք է պահանջեն, որ իրենց սեփական ղեկավարները, և ոչ թե օտարերկրյա  կեղծավոր առաջնորդները, պաշտպանեն իրենց ազգային շահերը։

Մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես էր Թուրքիան սատարում  Եգիպտոսում և Լիբիայում տիրող բռնապետական ռեժիմներին, մինչ վերջին պահը, երբ այդ երկրների բռնապետերն  տապալվեցին։ Սա իրական բարեկամություն չէ։ Սա կոշտ օպորտունիզմ է։

Քանի որ արաբները և հայերը երկուսն էլ կրել են սարսափելի տառապանքներ ու դաժանություններ Օսմանյան լծի տակ, նրանց չի կարելի հեշտությամբ հիմարացնել կեղծավոր թուրքերի բարեկամական ժեստերով։ Հայոց ցեղասպանությունը վերապրածները օգտվել են արաբների հյուրընկալությունից ամբողջ Մերձավոր Արևելքում և երախտապարտ են դրա համար։ Առանց նման մարդասիրական միջամտության շատ ավելի հայեր կզոհվեին։

Ելույթի վերջում ես իմ երախտագիտությունը հայտնեցի նախարար Միշել Էդդեին իմ գրքի համար ոգեշնչող առաջաբան գրելու համար, դոկտոր Նորա Արիսյանին, ով երկար ժամեր է hատկացրել այս, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին իմ նախորդ գիրքը անգլերենից արաբերեն թարգմանելու համար: Ես շնորհակալություն հայտնեցի նաև Լիբանանի Հայ դատի հանձնախմբին երեկոյի ծրագիրը «Ազդակ» թերթի Փյունիկ սրահում անցկացնելու համար, ինչպես նաև «Համազգային» տպագրատանը` գիրքը հրապարակելու համար: Ես առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցի բարերար Գաբրիել Չեմբերջյանին և նրա Փյունիկ հիմնադրամին իմ գրքի թարգմանությունը և հրատարակությունը հովանավորելու համար: Ծրագրի վերջում, գրքի մակագրված օրինակները բաժանվեցին հյուրերին:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը