Լրահոս

15.09.2011 12:07


Տոնական համերգ Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին ժամը 21:00-ին

Անկախության տոնին նվիրված «Հերոսական բալլադ» 1ժամ 20րոպե տևողությամբ համերգ-ներկայացման ընթացքում հայ կոմպոզիտորների մեծարժեք դասական ստեղծագործություններից ընտրված հատվածների ուղեկցությամբ հանդիսատեսին կներկայացվեն հայոց պատմության առանցքային դրվագները:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյան) կատարմամբ համերգը կսկսվի Ա. Տերտերյանի երկրորդ սիմֆոնիայի հատվածով, կշարունակվի Ալ. Աճեմյանի, Ղ. Սարյանի, Է. Հովհաննիսյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Եկմալանի, Է.Միրզոյանի, Է, Հովհաննիսյանի, է. Բաղդասարյանի, Ե. Երկանյանի, Ա.Բաբաջանյանի, Կոմիտասի, Ալ. Հարությունյանի, Ա. Այվազյանի, Կարվարենցի ստեղծագործություններով և կեզրափակվի Ռոբերտ Ամիրխանյանի` Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ գրված «Ծնրադիր երդվում եմ քեզ» երգով:

Կենդանի հնչողությամբ ստեղծագործությունները կկատարեն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկավար ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի Հանրապետության նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը (գեղ. ղեկավար Արմեն Պողոսյան), իսկ Հայաստանի պետական «Բարեկամություն» անսամբլը (գեղ. ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան) և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը (գեղ. ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյան) կկատարեն խորեոգրաֆիկ համարները: «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացման բեմադրող ռեժիսորն է Արամ Սուքիասյանը:

Համերգ-ներկայացումը ուղեկցվի եռաչափ գրաֆիկայով: Հրապարակը եզերող շենքերը պարբերաբար կվերածվեն էկրանների և դասական երաժշտության հնչյունների ներքո կցուցադրվեն դրվագներ հայ ժողովրդի և անկախ պետականության 20 տարիների պատմությունից, իսկ պատմական մի շարք անցքեր հանդիսատեսին կներկայացվեն եռաչափ գրաֆիկայի միջոցով:

Համերգ-ներկայացումն ուղեկցվելու է նաև շատրվանների ցուցադրությամբ: Շատրվանները ծառայելու են որպես ջրային էկրաններ, տեղադրվելու են նոր, շարժական շատրվաններ:

 

Համերգի կազմակերպիչներն են հայկական «Ինվիտրո փրոդաքշն» եւ «Պրոլայթինգ» ընկերությունները, տեխնիկական սպասարկումն իրականացնում է ֆրանսիական «Աժանս պաբլիկ» և  «Աքվատիկ շոու» ընկերությունները:

«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումից հետո կկազմակերպվի տոնական դիսկոտեկ և հրավառություն:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր գործընկերներն են Երևանի կոնյակի գործարանը, ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը, «Նեվա-Ռուս» ներդրումային ընկերության ներկայացուցիչը Հայաստանում` Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդ Ընկերության հայաստանյան մասնաճյուղը և Մետէքսիմ» ընկերությունը, հովանավորներն են «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը և «Ապավեն» ընկերությունը, իսկ աջակիցն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:

Այս խորագրի վերջին նյութերը