Քաղաքական

13.10.2022 09:28


Իրանը կարող է չճանաչել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը և զորք մտցնել. Տարասով

Իրանը կարող է չճանաչել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը և զորք մտցնել. Տարասով

Իրանը կարող է չճանաչել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիրը եւ կարող են բարդություններ առաջանալ. Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնիսկ պատրաստ է զորքեր ուղարկել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

Նա հիշեցրեց, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջ է քաշել Ադրբեջանը, այն որպես տերմին չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այն պայմանը, որի համաձայն ճանապարհը կանցնի ռուսական ԱԴԾ-ի հսկողության տակ, ըստ Տարասովի, նյարդայնացնում է Իրանին, քանի որ նա վախենում է, որ նրանք (Թուրքիան եւ Ադրբեջանը - խմբ.) կարող են ռուսներին վտարել, վերահսկել ճանապարհն ու թյուրքական կամուրջ ստեղծել։

«Կարծում եմ, որ այդ ամենը հորինված է: Միգուցե Ալիեւն ու Փաշինյանը քննարկում են անձնական խոսակցություններում, սակայն հանրային մակարդակով դեռեւս ոչ մի նշանակություն չունեցող հայտարարություններ են արվում»,-կարծում է փորձագետը։ Նա մատնանշեց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Փաշինյանի ցանկությունը՝ նշելով, որ Թուրքիայի նախագահը՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցքի բացման պայման է դնում։

«Իրանը գոհ չէ այս իրավիճակից։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է Երեւանի, Մոսկվայի եւ Բաքվի միջեւ՝ Թուրքիայի անուղղակի մասնակցությամբ։ Պուտինը թույլ չտվեց Թուրքիայի ուղղակի մասնակցությունը. այն Ղարաբաղի հետ կապ չունի: Պատմականորեն սա Իրանի ազդեցության գոտին է, որը, սակայն, հրավիրված չի եղել բանակցություններին։ Թեհրանը կարծում է, որ հնարավոր է որոշել Ղարաբաղի կարգավիճակը, կարելի է խոսել կոմունիկացիաների մասին եւ այլն, սակայն համաձայնագիրը պետք է ստորագրվի իր մասնակցությամբ։ Իրանը կարող է չճանաչել խաղաղության պայմանագիրը, կարող են բարդություններ առաջանալ. Թեհրանն անգամ պատրաստ է զորքերը մտցնել այս գոտի։ Երեւանն ու Բաքուն այս խնդիրը պետք է լուծեն նաեւ Իրանի հետ»,-հավելեց քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը