Տնտեսական

14.10.2022 20:36


Նախարար Ավանեսյանի ընտանիքին առնչվող ընկերությունը մնում է պետական կառույցների «սրտի մատակարարը»

Նախարար Ավանեսյանի ընտանիքին առնչվող ընկերությունը մնում է պետական կառույցների «սրտի մատակարարը»

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքին առնչվող դեղագործական ընկերությունը՝ «Արմֆարմացիա» ՓԲԸ-ն, մնում է պետական կառույցների «սրտի մատակարարը»՝ պահպանելով առաջատարի դիրքերը պետական գնումների մրցույթների «հաղթարշավում»:

Միլիոնավոր դրամների հարյուրավոր պայմանագրեր շուրջ 4 տասնյակ պետական կառույցների հետ. սա վերջին երեք-չորս տարիներին այս ընկերության «ձեռքբերումն» է:

2022 թվականը ևս բացառություն չէ. տարին դեռ չի ավարտվել, իսկ «Արմֆարմացիան» արդեն հասցրել է շուրջ 8 տասնյակ պայմանագրեր կնքել, որոնցից մեկը՝ «հրատապ մեկ անձ ընթացակարգով» (Նկատենք՝ 2019 թվականից սկսած՝ Անահիտ Ավանեսյանին առնչվող ընկերությունը տասնյակ պայմանագրեր է կնքել «մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգով»):

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով` 2022 թվականի 10 ամիսներին այս ընկերության պատվիրատուների թվում են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը՝ 10 պայմանագրով, «ՀՀ Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ն՝ 5 պայմանագրերով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ 3 պայմանագրերով, ՀՀ Պաշտպանության նախարարությունը` 5 պայմանագրերով, Արտակարգ Իրավիճակների նախարարությունը՝ 1 պայմանագրով, Առողջապահության նախարարությունը՝ 2 պայմանագրով, ՀՀ պետական պահպանության ծառայությունը՝ 2 պայմանագրով, Վանաձորի, Արթիկի, Մարտունու Գավառի, Կապանի և Մեղրու տարբեր ԲԿ-ները՝ տասնյակ պայմանագրերով: Վերջին պայմանագիրն ընկերության հետ կնքել է Պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 5-ին:

Ընկերության մասին. դեղերի մեծածախ առևտրով զբաղվող «Արմֆարմացիան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997 թվականի փետրվարին: Այն տարբեր տարիներին տնօրինել են Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Գերագույն խորհրդի պատգամավոր Մարգուշ Վարդանյանը, նրա ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, և ինքը՝ Անահիտ Ավանեսյանը:

Այս պահին ընկերության տնօրենն է Աննա Հովհաննիսյանը, սակայն hայտարարագրման էլեկտրոնային համակարգում 2022 թվականի մարտի 3-ին հրապարակվել է ընկերության իրական շահառուների վերաբերյալ տեղեկություն՝ առ այն, որ Մարգուշ Վարդանյանը՝ Անահիտ Ավանեսյանի մայրը, այս ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ունի 31 տոկոս ուղղակի մասնակցություն, 29.7 տոկոս մասնակցությամբ էլ նշված է Վաչե Մանուկյանի անունը: Համապատասխանաբար նույն մասնաբաժիններով Մարգուշ Վարդանյանն ու Վաչե Մանուկյանը ներկայանում են նաև «Արմֆարմացիա» դեղատուն ՍՊԸ-ին առնչվող հայտարարագրում (նույնանուն ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականի հուլիսի 22–ին):

Ի դեպ, «Արմֆարմացիա» ՓԲԸ-ի գրանցման հասցեն է Րաֆֆու 111-ը. այս հասցեում «Մարս» գործարանն է, որտեղ հիմնադրվել և գործում է նաև բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանին պատկանող «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը:

Վերջաբանի փոխարեն՝ Անահիտ Ավանեսյանի ընտանիքին առնչվող ևս մեկ բիզնեսի մասին. նախարարի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, 2017 թվականին հիմնադրել է սննդամթերքի մեծածախ առևտրով զբաղվող «Իբարի» ՍՊԸ-ն: «Իբարի»-ն կառավարության որոշմամբ՝ մարտ ամսին ազատվել էր մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում էր 53.4 մլն դրամ:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը