Կարծիք

15.09.2011 15:18


Տեր-Պետրոսյանը և նրա գիքորները

Տեր-Պետրոսյանը և նրա գիքորները

Կոնգրեսը և նրա առաջնորդները, Սերժ Սարգսյանը և նրա թիմակիցները հայաստանյան քաղաքական դաշտում այլևս անելիք չունեն: Նրանք իրենց ամբողջովին սպառել են: Քաղաքական դաշտում այս ուժերի ներկայությունը նորանոր խնդիրներ է առաջացնում մեր երկրի համար: Արդեն այսօր կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի համատեղ ծրագիրը` սեփականաշնորհել քաղաքական դաշտը, մատնվել է անհաջողության: Այժմ նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին փորձում է այդ ծրագիրը միայնակ իրականացնել: Վստահ ենք, որ այս հարցում ևս ձախողվելու են:

Սեպտեմբերի 9-ի խայտառակ հանրահավաքից և Լևոն Տեր-Պետրոսյանի ավելի քան խայտառակ ելույթից հետո Կոնգրեսը պատրաստվում է սեպտեմբերի 23-ի հանրահավաքին: Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին ճիգերն է գործադրում Սերժ Սարգսյանին ապացուցելու, որ վերահսկում է ընդդիմադիր դաշտը, որպեսզի մնա խաղադաշտում:

«Մեզ համար ի սկզբանե ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետև այդ արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից»,-ասում են կոնգրեսականները` ժողովրդին կոչ անելով մասնակցել հաջորդ հանրահավաքին:

Ցինիկությունն էլ պետք է չափ ու սահման ունենա, սակայն այս հարցում Կոնգրեսի առաջնորդները բոլորովին այլ կարծիք ունեն: Հարց է առաջանում՝ եթե դուք համոզված էիք, որ «երկխոսությունը» ցանկալի արդյունքի չէր հանգեցնելու, ինչո՞ւ էիք երկխոսում և «հիմա» բացականչողների վրա էլ մատ թափ տալիս: Ասում եք, թե արդյունքը կախված է ժողովրդի լայն զանգվածների ճնշման արդյունքից և միաժամանակ հպարտանում էիք, որ նպաստել եք գործող վարչախմբի միջազգային հեղինակության բարձրացմանը: Ինչպե՞ս կարող է ժողովուրդն աջակցել մի ուժի, որն զբաղված է Սերժ Սարգսյանի միջազգային կշռի բարձրացմամբ: Իսկ եթե ավելի պարզ ասենք, ապա Կոնգրեսը հասկացել է, որ Սերժ Սարգսյանն այլևս չի պատրաստվում երկխոսել ժողովրդի լայն զանգվածների աջակցությունը չունեցողի հետ և իրարանցման մեջ է հայտնվել:

«Հետևաբար, երկխոսության առկախումը կամ նույնիսկ վերջնական դադարեցումը մեր ծրագրերը չի փոխում, և մեր նպատակը մնում է նույնը՝ անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացում և ավազակապետության ամբողջական կազմաքանդում»,- ասում են կոնգրեսականները, իսկ մենք էլ ասում ենք` ամոթ է, չի կարելի այդ աստիճան ցինիկ լինել և ծաղրի ենթարկել մի ամբողջ ժողովուրդ: Իսկ ո՞ւր մնացին զանգվածային միջոցառումները, երբ գոհ տեսքով երկխոսում էիք և ժողովրդի թիկունքում պայմանավորվածություններ ձեռք բերում: Եվ ամենակարևորը` չե՞ք վախենում, որ անդադար զանգվածային միջոցառումներից կօգտվեն ադրբեջանցիները: Ախր մեր ժողովուրդն այդքան պրիմիտիվ չէ, ինչպես դուք եք կարծում:

Կոնգրեսականների առաջնորդների պահվածքը, հայտարարությունները վկայում են, որ այսօր նրանք մեկ խնդիր են ուզում լուծել` գոնե մեկ կամ երկու բազմահազարանոց հանրահավաք հրավիրել՝ Սերժ Սարգսյանին ցույց տալու, որ դեռ նախկին հզոր ուժն են, որի հետ կարելի է շարունակել «երկխոսությունը»: Իսկապես այս ամենը միայն նողկանք է առաջացնում:

Ինչ վերաբերում է վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ապա նրա խոսքը ևս հուշում է, որ Կոնգրեսի երազանքն է շարունակել «երկխոսությունը» և ուժի մեջ թողնել ժողովրդի թիկունքում կնքած պայմանավորվածությունները: Իսկ երևանյան սրճարաններում առավել քան համառ լուրեր են պտտվում, որ Սերժ Սարգսյանը Կոնգրեսին հավատարմության դիմաց խոստացած է եղել 10-15 պատգամավորական և նույնիսկ նախարարական երկու աթոռ: Հիմա այս պայմանավորվածություններից, ասում են, Սարգսյանը հրաժարվել է մի քանի հասկանալի պատճառներով: Այսքանից հետո զարմանալի չէ, որ սեպտեմբերի 9-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի ելույթը թույլ դասախոսի դասախոսություն էր հիշեցնում:

Հիմա Կոնգրեսի առաջնորդները և նրանց փոքրաթիվ համակիրները կատակերգական կինոնկարի հերոսների են վերածվել: Բոլորը գիտեն, որ նրանք Սերժ Սարգսյանի ձեռքին խաղալիք դարձան և մի քանի ամսով երկարաձգեցին նրա իշխանությունը, բայց նրանք շարունակում են հեղափոխականի դեմքերով ելույթներ ունենալ և խոսել հեղափոխությունից, կարծես ոչինչ էլ չի եղել: Ավելին, այնպես են իրենց պահում, կարծես Դավիթ Շահնազարյանը չէ, որ մտահոգ էր ներիշխանական կոալիցիայի պահպանմամբ, կարծես Տեր-Պետրոսյանը չէր ցիտում Սերժ Սարգսյանին և հպարտանում, որ իրենց ջանքերով բարձրացել է գործող վարչախմբի հեղինակությունը:

Զավեշտ է նաև այն, որ կոնգրեսականները մարդկանց հրավիրում են հանրահավաք և հեղափոխություն խոստանում: Հավանաբար, կխոստանան այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի որոշի կրկին «երկխոսել»: Իսկ հավանականությունը, որ «երկխոսությունը» կրկին կշարունակվի, շատ մեծ է: Պատճառն այն չէ, որ ՀԱԿ-ին կհաջողվի համակիրների մեծ բանակ հավաքել, այլ այն, որ Սերժ Սարգսյանը գնալով թուլանում է և դաշնակցի կարիք է զգում: Իսկ ներկայիս իրավիճակում նրա ամենաբնական դաշնակիցը հենց Տեր-Պետրոսյանն է:

Կոնգրեսի առաջնորդները ծիծաղ են առաջացնում նաև այն պատճառով, որ հանրահավաքի ժամանակ մեծ ոգևորությամբ մեջբերումներ էին անում «Վիկիլիքսի» բացահայտումներից, բայց ընտրովի: Ու ոչ մի խոսք այն մասին՝ ինչպես է Տեր-Պետրոսյանը մարդկանց տուն ուղարկել, Ղարաբաղի հարցով իր զինակիցների մոտ մի բան ասել, ժողովրդին՝ մեկ այլ, իսկ ԱՄՆ-ի դեսպանի հետ առանձնազրույցի ժամանակ՝ բոլորովին այլ: Ահա այսպես Կոնգրեսն ակամա հաստատեց, որ չի հերքում «Վիկիլիքսի» հրապարակումը:

Այսքանից հետո դեռ Տեր-Պետրոսյանը մարդկանց հրավիրում են հանրահավաքի՝ ասելով՝ «սկսել ա»: Մեկ անգամ ևս կրկնենք, որ հավանաբար Տեր-Պետրոսյանը մեր ժողովրդի մասին ավելի քան վատ կարծիքի է, որ մտածում է, թե հնարավոր է կրկին խաբել մարդկանց և ծառայեցնել իր նպատակին:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը