Աշխարհ

15.09.2011 15:50


Քրդական «նախաձեռնողական» քաղաքականությունը

Քրդական «նախաձեռնողական» քաղաքականությունը

Թուրքիա-Իսրայել հարաբերությունների ճգնաժամի վերջին շրջանի խորապատկերին պաշտոնական Անկարայի եւ Թել Ավիվի` միմյանց ազատ գործելու հնարավորությունը կաշկանդող առանձին քայլերը նկատելի իրողություն էին: Այդ տեսանկյունից անսպասելի չէին Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի նախաձեռնությունները` որպես պատասխան Թուրքիայի հակաիսրայելական դեմարշին:

Անցյալ շաբաթ Իսրայելի արտգործնախարարը հրապարակեց պաշտոնական Թել Ավիվի առաջիկա գործողությունների ծրագիրը: Այդ գործողությունների թվում Լիբերմանը նշեց հայերի ու քրդերի հետ համագործակցելու եւ թուրքերի դեմ պայքարում նրանց աջակցելու իրենց մտադրությունների մասին: Իսրայելական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, այս ամիս Լիբերմանի` ԱՄՆ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում նաեւ հայկական լոբբիի առաջնորդների հետ, որի ընթացքում նա հայերին կառաջարկի ԱՄՆ Կոնգրեսում համատեղ գործակցություն թուրքերի դեմ: Բացի դրանից, Լիբերմանը ծրագրում է հանդիպումներ անցկացնել Եվրոպայում գործող քուրդ ընդհատակյա առաջնորդների հետ` նպատակ ունենալով համագործակցել եւ ամրապնդել բոլոր մակարդակներում նրանց ունեցած դիրքերը:

Չնայած Հայաստանի պաշտոնականացված «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությանը` Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարի այս առաջարկ-ցանկությունը պաշտոնական Երևանի կողմից անուշադրության մատնվեց: Ի տարբերություն հայկական կողմի, տվյալ ծրագրին շատ արագ արձագանքեցին քրդական քաղաքական շրջանակները: Ընդ որում` տվյալ ծրագիրն ուշադրության արժանացավ ոչ միայն քրդական ազգային շրջանակների կողմից, այլ նաեւ` պետական:

Մեկնաբանելով Ավիգդոր Լիբերմանի հակաթուրքական ծրագրի քրդական հատվածը` Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) փաստացի ղեկավար Մուրադ Քարայըլանը նկատեց, որ «PKK-ն սկզբունքային շարժում է, եւ անհնար է նրան այլ պետության դեմ գործածելը։ Եթե Իսրայելը ցանկանում է կապեր հաստատել PKK-ի հետ, ապա նախեւառաջ պետք է նրանից ու քուրդ ժողովրդից ներողություն խնդրի PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի ձերբակալության հարցում դերակատարություն ունենալու համար։ Բացի դրանից, PKK-ն կարիք չունի ռազմական կրթության եւ նմանատիպ բաների»։ Քարայըլանի մեկնաբանությանը շուտով հետեւեց իսրայելական նախաձեռնության կապակցությամբ Իրաքի ինքնավար Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի արած պաշտոնական հայտարարությունը: Սեպտեմբերի 11-ին տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Մամուլը վերջերս հրապարակեց հոդվածներ, որտեղ խոսվում էր Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի նախաձեռնած մի ծրագրի մասին: Ըստ այդ ծրագրի, նրանք նախատեսում են Թուրքիայի նկատմամբ քայլեր ձեռնարկել` ամրապնդելով համագործակցությունը քրդերի հետ: Իրաքյան Քրդստանում մենք նման հարցադրումը թշնամական ենք համարում ինչպես ողջ Քրդստանի, այնպես էլ «Ինքնավար Քրդստանի» նախագահության համար: Պետք է գիտենալ, որ մենք երբեք չենք եղել ու չենք լինի «հեղափոխականներ կանչով» կամ այլոց ձեռքին գործիք: Մենք ինքնուրույն ենք, քանի որ մենք հավատացել ու պայքարել ենք եւ ապագայում էլ պայքարելու ենք հանուն մեր ժողովրդի շահերի: Այն բխում է մեր ռազմավարությունից ու շահերից, որոնք չեն հակադրվում տարածաշրջանի պետությունների եւ ժողովուրդների շահերին: Մենք կցանկանայինք նաեւ հաստատել, որ իբրեւ Քրդստանի ժողովուրդ` ոչ մեկի ծառաները չենք, եւ հարեւան պետությունների հետ հարաբերվում ենք փոխադարձ հարգանքի ու ընդհանուր հետաքրքրությունների հիման վրա»:

Քրդական քաղաքական շրջանակների ու հատկապես նախագահ Բարզանիի հայտարարություններն առավել կարեւորվում են տարածաշրջանային այն զարգացումների համապատկերի վրա, որտեղ քրդերը եւ, մասնավորաբար, Իրաքի «Ինքնավար Քրդստան» կազմավորումը ԱՄՆ-ի գործուն աջակցությամբ դարձել են միջազգային հարաբերությունների ծանրակշիռ սուբյեկտներից մեկը: Սեփական զինված ուժերի առկայության, նավթային պաշարների ինքնուրույն արդյունահանման ու տնօրինման, մի շարք երկրների հետ փոխշահավետ համագործակցության հաստատման (Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում գործում են տասնյակ երկրների հյուպատոսություններ) եւ այլ փաստեր գալիս են հաստատելու Բարզանիի իշխանության` ինքնուրույն գործելու եւ արտաքին մարտահրավերների դեմ պայքարելու ընդունակությունը:

«Ինքնավար Քրդստանի» de facto անկախ կարգավիճակը շրջակա երկրներին` այդ թվում Իրանի ու Թուրքիայի քաղաքական վերնախավերին ներկայում ստիպել է լայն հարաբերություններ հաստատել նախագահ Բարզանիի վարչախմբի հետ: Անկարա-Էրբիլ եւ Թեհրան-Էրբիլ ուղղություններով իրար են հաջորդում առանձին պաշտոնյաների այցերն ու փոխայցերը: Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի փոխարտգործնախարարին ընդունելուց եւ երկուստեք կարեւորություն ներկայացնող հարցեր քննարկելուց ընդամենը օրեր անց նախագահ Մասուդ Բարզանին շտապելու է արդեն Թեհրան` հանդիպելու նախագահ Ահմադինեժադին, իսկ «Ինքնավար Քրդստանի» իշխող Քրդստանի ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Նեչիրվան Բարզանին Անկարայում հանդիպելու է թուրքական վերնախավին: Քննարկվող առանցքային խնդիրներից են լինելու PKK-ի եւ Քրդստանի ազատ կյանքի կուսակցության (Pjak) «Ինքնավար Քրդստանում» բազավորվելու եւ Թուրքիայի ու Իրանի տարածքներում զինված պայքար մղելու արդյունքում ծագած հարցերը:

Այս համատեքստում արժեւորվում են իսրայելական նախաձեռնությունների կապակցությամբ քրդական ազգային ու պետական գործիչների արած քաղաքական հասուն հայտարարությունները: Ընդ որում` իսրայելա-քրդական գործակցությունը բոլորովին էլ քաղաքական նորարարությունների դաշտում չէ: Նախորդ տարիներից են գալիս հենց նույն Իրաքի քրդական տարբեր շրջանակների հետ երկուստեք շահավետ փոխառնչությունները: Քրդական հարցը մշտապես հրեական քաղաքական շրջանակներում դիտարկվել է որպես Իսրայելի տարածաշրջանային դիրքերի ամրապնդման կարեւոր գործոն, քանզի քրդական զինված պայքարը տարիներ շարունակ կլանել է Իրանի, Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի ընդհանուր ներուժի զգալի մասը:

Քրդերի ազգային-ազատագրական պայքարը եւ Իրաքում de jure անկախ պետության կազմավորելուն միտված քաղաքականությունն այժմ գտնվում են հանգուցային կարեւոր հերթական մի փուլում, որտեղ ցանկացած սխալ ռազմավարական քայլ կարող է էական վնաս հասցնել ողջ քրդական հարցին: Թուրքիայի հարավ-արեւելյան նահանգներում, իրան-իրաքյան սահմանին, Իրաքի Քրդստանի տարածքում PKK-ի եւ Pjak-ի դեմ թուրքական եւ իրանական բանակների ռազմական գործողությունները, Սիրիայում Ասադի վարչախմբի կողմից ընդդիմադիր զանգվածների դեմ զինուժի կիրառումը, որտեղ իրենց չափաբաժինն ունեն դաշնության եւ անջատողականության կողմնակից քրդական շրջանակները, Իրաքում տարածքային խնդիրների եւ նավթահանքերի պատկանելիության շուրջ արաբների, թուրքոմանների եւ քրդերի միջեւ վեճերը` այս ամենը քրդական հարցը դարձնում են շատ խոցելի:

Լիբերմանի ծրագրին քրդական քաղաքական շրջանակների կոշտ արձագանքը վկայում է, որ վերջիններս գիտակցում են լրացուցիչ այն վտանգները, որոնք կարող են գալ իսրայելական շահերի գերին դառնալու դեպքում: Տուրք տալ թուրք-իսրայելական ճգնաժամին եւ շարժվել «իսրայելական դաշտում» թուրքերի հետ հակամարտությունը սրելու ճանապարհով` կնշանակի ունենալ հեռանկարային մի նոր այնպիսի մարտահրավեր, ինչպիսին կարող է դառնալ թուրք-արաբական հնարավոր ռազմավարական գործակցությունը: Սակայն սա չի նշանակում, որ քրդական քաղաքական շրջանակները եւ, հատկապես, Իրաքի քրդական վերնախավը իսրայելա-քրդական գործակցություն ծավալելու հեռանկարներ չեն տեսնում: Իսրայելական առաջարկները լայն հնարավորություններ են պարունակում քուրդ-հրեական հարաբերությունները ոչ բացահայտ զարգացնելու համար: Առավել եւս, որ նախորդ տարիների փորձը նման հնարավորություններ ընձեռում է: Սպասելի է, որ հրապարակային կոշտ արձագանքներից զատ` հավասարակշիռ լուռ գործակցությունը կթեւակոխի մի նոր փուլ:

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների

hայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը