Աշխարհ

18.10.2022 16:33


Ֆրանսիայում համազգային գործադուլ է

Ֆրանսիայում համազգային գործադուլ է

Երեքշաբթի Ֆրանսիայում սկսվել է համընդհանուր գործադուլ, որին մասնակցում են մի շարք ոլորտների աշխատողներ, պետական ծառայողներ, երիտասարդական կազմակերպություններ և ուսանողներ, հայտնում է Le Figaro-ն։

TotalEnergies և ExxonMobil նավթավերամշակման գործարանների և պահեստների աշխատողներից բացի, որոնք արդեն մի քանի շաբաթ գործադուլ են անում՝ պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները, գործադուլին են արդեն միացել տրանսպորտի ոլորտի աշխատողները, մասնավորապես, երկաթուղային օպերատոր SNCF-ի և RATP-ի (Փարիզի տրանսպորտի ինքնավար գործակալություն) աշխատակիցները։

Սպասվում է նաև, որ այսօրվա գործադուլի պատճառով Ֆրանսիայի տարածքով գնացքների միջքաղաքային մեկնումների մոտ կեսը չի իրականացվի։

Բացի այդ, ըստ կրթության նախարարության, համընդհանուր գործադուլին միացել է երկրի պրոֆեսորադասախոսական կազմի մոտ 6%-ը։ Դասադուլին մասնակցում են նաև որոշ ճեմարանների և բուհերի մուտքերը փակած ուսանողներ։

Քաղաքացիական ծառայողները, այդ թվում՝ պետական հիվանդանոցների, ինչպես նաև մասնավոր կլինիկաների և ծերանոցների աշխատակիցները, հայտարարել են ցուցարարներին աջակցելու իրենց մտադրության մասին։

Ֆրանսիական ամենաակտիվ արհմիություններից մեկը՝ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան, շարունակում է մնալ համազգային գործադուլի գլխավոր կազմակերպիչը։ Այսօրվա գործադուլներին հիմնականում մասնակցում են նրա մասնաճյուղերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը