Տնտեսական

22.10.2022 09:46


Վտանգավոր ցուցանիշներ աղքատության մակարդակի առումով․ «Փաստ»

Վտանգավոր ցուցանիշներ աղքատության մակարդակի առումով․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՄԱԿ-ի պարենային ծրագրի զեկույցի համաձայն, Հայաստանում թերսնվողների թիվը հասնում է 500 հազարի, ընդ որում, 70 հազարը համալրել է այդ շարքերը այս գարնան ընթացքում:

«Եթե վերոնշյալ զեկույցի հետ դիտարկենք նաև վերջին ժամանակահատվածում ՄԱԿ-ի կողմից ներկայացված «Սովի քարտեզն» ու համեմատականներ անցկացնենք, ապա մենք առնվազն երեք ամիս առաջվա տվյալներով ունենք իրավիճակ, երբ ընդամենը մեկ ամսում մեզ մոտ 90 հազարով ավելացել է թերսնվածների թիվը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

Իսկ Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական զարգացումների աշնան զեկույցում Հայաստանի համար կանխատեսվել է աղքատության 43,1 տոկոս մակարդակ: Ամիրխանյանը հիշեցնում է նաև մեր պաշտոնական տվյալների մասին. ըստ վերջին գնահատման, աղքատության մակարդակը մոտ 47 տոկոս է կազմել:

Մեզ հետ զրույցում շատ տնտեսագետներ նշում են, որ մեր երկրում քաղաքացիների արդեն 60 տոկոսը չափավոր աղքատ է, ինչը բավականին վտանգավոր թիվ է: Զուգահեռ գնաճն ավելի ու ավելի անվերահսկելի է դառնում: Այս տարվա սեպտեմբերի դրությամբ սպառողական գների ինդեքսը 9,1 տոկոս է, իսկ միայն սննդամթերքի գնաճը կազմել է 12,5 տոկոս: Ըստ ԿԲ զեկույցում արձանագրված տվյալների, երկու տարվա ընթացքում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ավելացել է 46, առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 26,3 տոկոսով:

Ամիրխանյանը հիշեցնում է, որ նույն ԿԲ-ի տվյալներով, բնակչության 60 տոկոսի եկամուտներն ավելացել են ավելի քիչ, քան պարենային զամբյուղը: Նույն ԿԲ-ի տվյալներով, ՀՀ ամբողջ բնակչության ընդամենը տասը տոկոսի եկամուտներն են գերազանցել առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղի աճն, ինչը չէր կարող չանդրադառնալ ընդհանուր աղքատության ցուցանիշի վրա:

«Ցավոք, վերջին առնվազն տասը և ավելի տարիների կտրվածքով սա աննախադեպ և բացասական ցուցանիշ է»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ սուր աղքատության ցուցանիշների առումով ևս բացասական դրսևորումներ կան»:

Այս խորագրի վերջին նյութերը