Քաղաքական

23.10.2022 11:07


Բաքվի նպատակն է, որ Արցախում չլինի հայ բնակչություն. ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն (տեսանյութ)

Բաքվի նպատակն է, որ Արցախում չլինի հայ բնակչություն. ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն (տեսանյութ)

Եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն Ղարաբաղը կճանաչի որպես Ադրբեջանի մաս։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման շրջանակներում ասաց ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։

«Այստեղ ոչ մի նոր բան տեղի չի ունենում։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո անցած տասնամյակների ընթացքում Հայաստանը չի գնացել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ուղով։ Հայաստանի քաղաքականության պասիվությունը բերել է նրան, ինչ ունենք հիմա»,-ասաց նա։

Կարելի է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ինչ անել այդ ֆորմալ ամբողջական Ադրբեջանում ապրող հայ բնակչության իրավունքների հետ։ Եթե ընդունում ենք, որ սա ամբողջովին Ադրբեջանի ներքին գործն է, ապա ինչ կլինի որոշ ժամանակ անց այս բնակչության հետ։ «Կարծում եմ, որ պետք է լինի այնպիսի ձեւակերպում, որին կհամաձայնեն երկու կողմերը»,-ընդգծեց Սկակովը։

Ադրբեջանի հրաժարվելը այն ձեւակերպումներից, որտեղ հիշատակումներ կլինեն Լեռնային Ղարաբաղի մասին, փորձագետը փակուղի անվանեց։ «Խաղաղապահները Ղարաբաղում են, քանի դեռ այնտեղ հայ բնակչություն կա, այլ ոչ թե միայն Լեռնային Ղարաբաղի վիճելի կարգավիճակի պատճառով։ Զորախումբն այնտեղ է, որպեսզի ապահովի այս տարածքում ապրող բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Բաքվի նպատակն այն է, որ այնտեղ հայ բնակչություն չլինի՝ կյանքը բարդացնելու միջոցով՝ այն, ինչ մենք արդեն լավ տեսել ենք: Ադրբեջանի իշխանությունները դա չեն թաքցնում։ Եթե բնակչություն չլինի, ապա ինչի համար են խաղաղապահները»,-հայտարարեց Սկակովը։

Այս խորագրի վերջին նյութերը