Քաղաքական

24.10.2022 14:41


Ռուսական կողմի հետ չեն կարողանում համաձայնություն գալ, Փաշինյանը փորձում է փոխել արտաքին քաղաքական վեկտորը. քաղաքագետ

Ռուսական կողմի հետ չեն կարողանում համաձայնություն գալ, Փաշինյանը փորձում է փոխել արտաքին քաղաքական վեկտորը. քաղաքագետ

Հավանական է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հոկտեմբերի վերջին սպասվող հանդիպումից հետո նոր հանդիպում լինի Բրյուսելում, իսկ քանի որ հայկական կողմը չի հերքել «Силовики» տելեգրամյան ալիքում հրապարակված փաստաթուղթը, չի բացառվում, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի վերջին Ռուսաստանում սպասվող եռակողմ հանդիպմանը։

«Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է իմանան, որ թղթի վրա դրած ստորագրությունով փորձելու են ամբողջությամբ հանձնել Արցախը Ադրբեջանի քմահաճույքին։ Ընդ որում՝ բացասական պրոցեսներ զարգանում են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի շուրջ, այն փաստաթուղը, որը հայկական կողմը ամենայն հավանականությամբ պատրաստվում է ստորագրել ամերիկյան, եվրոպական կողմի միջնորդությամբ, գետնի վրա անվտանգային երաշխիքներ չի պարունակում ո՛չ արցախահայության, ո՛չ էլ Հայաստանի համար։ Մենք շատ ենք մոտենալու մի եզրագծի, երբ դրա ստորագրումից հետո մեզ կարող է պատերազմ սպասվել»,-ասաց Բենիամին Մաթևոսյանը։

Քաղաքագետը մեջբերելով «Силовики» տելեգրամյան ալիքում հրապարակված փաստաթուղթը, և դրան հաջորդած իրադարձությունները, նշեց, որ Հայաստանը ոչ միայն փոխում է արտաքին քաղաքականության վեկտորը, այլև փորձում է դուրս գալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից։

««Силовики» ալիքում հրապարակված փաստաթղթից հետո տեսանք, որ պետական լրատվամիջոցների, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի մակարդակով Ռուսաստանը հայտարարվել էր ՀՀ թշնամի, որ բոլոր խնդիրները պայմանավորված են Ռուսաստանի գործոնով, որ Ռուսաստանը ձգտում է ադրբեջանական տանկերով ճնշել Հայաստանի ինքիշխանությունը ու ժողովրդավարությունը և իբր թե ստեղծել իրավիճակ, որ Հայաստանը մաս կազմի Միութենական պետությանը։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանը ոչ միայն փոխում է արտաքին քաղաքականության վեկտորը, այլև Հայաստանը ամեն կերպ փորձում է դուրս գալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Իհարկե, նոյեմբերի 9–ի հայտարարությունը մեր երազանքների հայտարարությունը չէ, բայց այնուամենայնիվ այնտեղ որոշակի անվտանգային էլեմենտներ կան թե՛ Արցախի, թե՛ այլ ավելի գլոբալ խնդիրների հետ կապված, բայց Փաշինյանը ելնելով անձնական շահերից, իսկ դա հետևյալն է. ըստ ամենայնի՝ ռուսական կողմի հետ չեն կարողանում համաձայնություն գալ, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել, դրանից իսկ ելնելով Փաշինյանը փորձում է լիակատար ձևով փոխել արտաքին քաղաքական վեկտորը»,-ասաց Բենիամին Մաթևոսյանը՝ հավելելով, որ ռուսական կողմը պնդում է, որ նոյեմբերի 9–ի փաստաթուղթը կյանքի կոչվի, որովհետև Փաշինյանի նկատմամբ վստահություն չկա։

«Ես գրեթե վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարը լավ գիտի, որ իր անձով են պայմանավորված որոշակի երևույթներ, որոնք կապված են միջանցքի հետ, քանի որ իր հանդեպ չկա վստահություն, դրա համար էլ ռուսական կողմը պնդում է, որ տեղի ունենա այն ամենը՝ ինչ գրված է նոյեմբերի 9–ի փաստաթղթի մեջ, այսինքն՝ այդ ճանապարհը վերահսկվի ռուսական հատուկ ծառայությունների կողմից, բայց դա միջանցք չէ, դա ճանապարհ է, որով ադրբեջանցիները անցնելիս պետք է վճարեն մաքսատուրք»,–ընդգծեց Մաթևոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը