Քաղաքական

28.10.2022 15:31


Խաղաղության միակ ճանապարհը եռակողմ հայտարարության բոլոր դրույթների պահպանումն է. Պուտին (տեսանյութ)

Խաղաղության միակ ճանապարհը եռակողմ հայտարարության բոլոր դրույթների պահպանումն է. Պուտին (տեսանյութ)

Ռուսաստանը պատմականորեն աջակցել է բարեկամ հայ ժողովրդին անվտանգության ապահովման առումով։ Այս մասին այսօր ՀԱՊԿ խորհրդի առցանց նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, մենք այսօր էլ անում ենք հնարավորը Երևանի ու Բաքվի միջև համակողմանի ու համընդգրկուն կարգավորման համար։ Ուզում եմ ընդգծել, դա բոլորի համար ակնհայտ է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, ինչպես որ Ռուսաստանը, ոչ վաղ անցյալում մեկ պետության մաս էին: Մենք հսկայական կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։ Մենք, իհարկե, բոլորս բավականին ծանր վիճակում ենք։ Բայց իհարկե չենք կարող անմասն մնալ Ռուսաստանին մոտ գտնվող պետությունների խնդիրներից ու հակասություններից և միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Անդրկովկասում խաղաղության ու կայուն զարգացման հաստատմամբ։ Իսկ խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը, ըստ նրա, կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստագույնս պահպանումը։ Այն է` սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։

«Մենք դա բազմիցս քննարկել ենք Հայաստանի վարչապետի հետ, և ես հասկանում եմ, որ մեր գործընկերը լիովին համաձայն է սրա հետ։ Լուծումներ գտնելը հեշտ չէ, բայց հնարավոր է, և դա ապագայում թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի»,-ասել է Պուտինը։

Երեկ «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստում Պուտինը հայտարարել էր, թե իրենք ՀՀ–ին առաջարկել են վերադարձնել 5 շրջան, սակայն ՀՀ ղեկավարությունը գնացել է իր ճանապարհով։

Միաժամանակ, ՌԴ ղեկավարը նշել էր նաև, որ Հայաստանին առաջարկվող Վաշինգտոնի տարբերակը ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում։

Հավելենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը