Քաղաքական

29.10.2022 16:53


Արևմուտքը փորձում է օգտագործել ՀՀ-ում գեներացվող հակառուսական քարոզչությունը. ներկա իրադարձությունները կարող են շատ վատ երևույթների նախերգանքը լինել

Արևմուտքը փորձում է օգտագործել ՀՀ-ում գեներացվող հակառուսական քարոզչությունը. ներկա իրադարձությունները կարող են շատ վատ երևույթների նախերգանքը լինել

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի պնդմանը, ըստ որի` Հայաստանը պետք է վերանայի անվտանգության ոլորտում արտաքին քաղաքականության իր վեկտորը։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպումից առաջ դեռ կլինեն դրվագներ, երբ ՀՀ արևմտյան գործընկերները կփորձեն կասեցնել այն գործընթացը, որը նշմարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի հայտարարությունը։

Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն պնդում է, որ Հայաստանի «վաղեմի կողմնորոշումը» դեպի Ռուսաստան և ՀԱՊԿ անբավարար եղավ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։ Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի իրադրությունն ազդում է Հարավային Կովկասի վրա և ավելի է բարդացնում տարածաշրջանում անվտանգային իրավիճակը: ԵԽ կոմիտեում կարծում են, որ Հայաստանը պետք է վերանայի անվտանգության ոլորտում արտաքին քաղաքականության վեկտորը։

«Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի հայտարարությունն արդյոք միջամտություն չէ՞ ներհայաստանյան գործերին և փորձ չէ՞ արդյոք ուղղորդել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։ Արդյոք ԵԽ–ն դրանով կոպտորեն չի՞ ոտնահարում մեր երկրի ինքնիշխանությունը»,–հռետորական հարցապնդումներ արեց քաղաքագետը։

Մաթևոսյանի դիտարկմամբ` ամեն ոք տեսնելով, որ Հայաստանը պատրաստ է զիջումների գնալ տարբեր հարցերում, փորձում է իր համար հնարավորինս շատ զիջումներ կորզել` սեփական շահերից ելնելով։ Ըստ նրա` տվյալ համատեքստում Արևմուտքի մոտեցումը դառնում է շատ տրամաբանական։

«Այդուհանդերձ, ոչ միայն Արևմուտքում, այլև Ռուսաստանում ՀՀ գործող իշխանության վերաբերյալ պարբերաբար կա մտավախություն առ այն, որ վերջինս իր վրա վերցրած պարտավորությունները կամ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները կարող է կյանքի չկոչել, հետևաբար հասկանալի է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները փորձելու են գնալ այն պարտավորությունների կատարման հետևից, որոնք հայկական կողմը ստանձնել է նախապես»,–ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքագետի կարծիքով` երբ ինքնիշխանությունը հանվում է աճուրդի, նման դրսևորումները դառնում են հաճախակի։ Հայաստանը ֆունդամենտալ կերպով շարժվում է դեպի մի հանգրվան, որտեղ դառնալու է կռվախնձոր ՌԴ–ի ու Արևմուտքի միջև և եթե ներկա փուլում այդ հակասությունը տեսանելի է միայն դիվանագիտական ասպարեզում, ապա դեպքերի նման շարունակության դեպքում հակասությունները կարող են ունենալ այլ դրսևորումներ, ինչպես եղավ Սիրիայում և Ուկրաինայում։ Մաթևոսյանի պնդմամբ` ներկա իրադարձությունները կարող են ապագա շատ վատ երևույթների նախերգանքը լինել։

Մեր զրուցակցի գնահատմամբ` Արևմուտքը փորձում է Հայաստանում գեներացվող հակառուսական քարոզչությունն այս փուլում օգտագործել` այն դիտարկելով որպես պատմական հնարավորություն Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու համար։

Նշենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեում դատապարտել էին «Ռուսաստանի մասնակցությունը հակամարտություններին ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված պետությունների տարածքում»:

Այս խորագրի վերջին նյութերը