Աշխարհ

31.10.2022 18:01


Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներով փաստաթղթերի հնարավոր համաձայնեցումը

Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներով փաստաթղթերի հնարավոր համաձայնեցումը

Կրեմլը կտեղեկացնի, եթե Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթեր համաձայնեցվեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Եթե փաստաթղթերը համաձայնեցվեն, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ այժմ Սոչիում ընթանում է Պուտին-Փաշինյան հանդիպումը: Այնուհետև սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ։

«Պետք է ինչ-որ ժամանակ ավարտել այն: Գիտեմ, որ ունեք (Փաշինյանը-Խմբ.) դրա քաղաքական կամքը։ Մենք վճռականորեն սատարում ենք դրան»,-ասել է Պուտինը:

Նա հույս է հայտնել, որ լուծումներ կգտնվեն առաջ գնալու համար։

Մինչդեռ Փաշինյանը հանդիպմանն ասել է, որ Երևանի համար ընդունելի են Ղարաբաղի հարցով այն մոտեցումները, որոնք առաջարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման ռուսական նախագիծը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանի Դաշնությունը հստակ դիրքորոշում կհայտնի ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ:

Նա նաև ասել է, որ Հայաստանի համար կարևոր է Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զորքերի դուրսբերումը:

Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ապաշրջափակել Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունները, սակայն Հայաստանի տարածքում հաղորդակցությունը պետք է լինի Երևանի լիակատար վերահսկողության տակ:

Ըստ Փաշինյանի՝ սահմանազատման աշխատանքների մեկնարկին պետք է նախորդի սահմանի անվտանգության ուժեղացումը:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը