Քաղաքական

31.10.2022 22:19


Սոչիում ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել (տեսանյութ)

Սոչիում ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել (տեսանյութ)

Սոչիում ավարտվեց Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Բանակցություններից հետո Պուտինը հայտարարեց, որ համատեղ հայտարարություն են համաձայնեցրել։

«Մեր ընդհանուր կարծիքով` օգտակար հանդիպում էր։ Կարծում եմ` որոշ սկզբունքային հարցերի առումով և ապագա պայմանավորվածությունների համար ստեղծվել է շատ լավ մթնոլորտ։ Այսօր մենք համատեղ հայտարարություն ենք համաձայնեցրել, բայց անկեղծ լինեմ` ամեն ինչ չի հաջողվել համաձայնեցնել։ Որոշ բաներ ստիպված ենք եղել հանել նախնական տեքստից։ Այս հանդիպումը հնարավորություններ է ստեղծում առհասարակ իրավիճակի կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի համար։ Ասելով առհասարակ` նկատի ունեմ և՛ վերջին իրադարձությունները, որոնք տեղի ունեցան, և՛ նաև 2 տարի առաջվանը, որի ժամանակ այնուամենայնիվ մեզ հաջողվեց որոշ հարցերի շուրջ պայմանավորվել»,–նշեց Պուտինը։

Նա հավելեց` այսօրվա քննարկումը ցույց տվեց, որ կարող են բոլոր երկրների ապագայի վերաբերյալ պայմանավորվածության հասնել։

«Երբ ես ասում եմ` բոլոր երկրներ, նկատի ունեմ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ տարածաշրջանի բոլոր երկրները, քանի որ հարաբերությունների կարգավորման հարցում հետաքրքրված են բոլոր երկրները, որոնք ապրում են այս տարածաշրջանում»,–նշեց Պուտինը։

Նա վստահեցրեց, որ Ռուսաստանն իր կողմից կանի ամեն ինչ, որպեսզի հասնեն վերջնական և ամբողջական կարգավորման։

«Ինչպես պայմանավորվեցինք, մենք կապի մեջ կլինենք, կշարունակենք այս երկխոսությունը և կշարունակենք փնտրել այն լուծումները, որոնք անհրաժեշտ են այսքան երկար տևող հակամարտությանը վերջ դնելու համար»,–ընդգծեց Պուտինը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը