Աշխարհ

02.11.2022 14:25


«Գեյեր և ջենթլմեններ, դժվար ժամանակներ են եկել». Բայդենն աջակիցների հետ հանդիպմանը բազմաթիվ տարօրինակ հայտարարություններ է արել (տեսանյութ)

«Գեյեր և ջենթլմեններ, դժվար ժամանակներ են եկել». Բայդենն աջակիցների հետ հանդիպմանը բազմաթիվ տարօրինակ հայտարարություններ է արել (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆլորիդայում հանդես է եկել լեզվի սայթաքումներով լի ելույթներով. նախագահը Ներկայացուցիչների պալատի անդամին շփոթել է սենատորի հետ, ասել է, որ իր որդին՝ Բոն, մահացել է Իրաքում, սակայն իրականում նա մահացել է ԱՄՆ-ում, կանանց շփոթել է գեյերի հետ և այլն: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Խոսելով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դեբի Վասերման Շուլցի ներկայությամբ, որը մտադիր է վերընտրվել Ֆլորիդայի 23-րդ շրջանում, Բայդենը սխալմամբ նրան անվանել է սենատոր:

«Ես ավելի մեծ ընկեր չունեմ Միացյալ Նահանգների Սենատում, շնորհակալ եմ, Դե՛բի»,-ասել է նախագահը:

Այնուհետև Բայդենն անդրադարձել է հանգուցյալ որդուն: Բո Բայդենը, որն Իրաքի պատերազմի ժամանակ ծառայել է Դելավերի բանակի ազգային գվարդիայում, մահացել է 2015 թվականին՝ 46 տարեկանում՝ ուղեղի քաղցկեղից: Նա մահացել է Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքի «Ուոլթեր Ռիդ» ազգային ռազմական բժշկական կենտրոնում։ Սակայն Բայդենն իր ելույթում ասել է, որ որդին մահացել է Իրաքում:

Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմ է սկսել Իրաքում, սակայն անմիջապես իրեն ուղղել է ու ասել՝ Ուկրաինայում:

«Այս պահին գնաճը համաշխարհային խնդիր է Իրաքում պատերազմի և նավթի վրա ազդեցության պատճառով, և այն, ինչ անում է Ռուսաստանը, նկատի ունեմ, ներեցեք ինձ, Ուկրաինայի պատերազմը: Եվ ես մտածում եմ Իրաքի մասին, որովհետև հենց այնտեղ է մահացել իմ որդին»,-ասել է Բայդենը:





Ապա նախագահն ասել է, որ ԱՄՆ-ն ունի գնաճի ամենացածր ցուցանիշն աշխարհի գրեթե բոլոր խոշոր երկրների շարքում:

«Մենք ունենք գնաճի ամենացածր ցուցանիշը աշխարհի գրեթե բոլոր խոշոր երկրների շարքում։ Մենք շատ բան ենք արել՝ փորձելով այն վերահսկողության տակ առնել»,-ասել է Բայդենը։

Սակայն Daily Mail-ը գրում է, որ սպառողական գների ինդեքսի ցուցիչով ԱՄՆ-ում գնաճը սեպտեմբեր ամսվա տվյալներով ներկայում կազմում է 8,2 տոկոս: G7 երկրներից միայն Իտալիան և Մեծ Բրիտանիան ունեն ավելի բարձր գնաճ: Մինչդեռ Ճապոնիան, Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան բոլորն էլ այս հարցում գերազանցում են ԱՄՆ-ին. Կանադայում գնաճը կազմել է 7,1 տոկոս, մինչդեռ Ֆրանսիայում՝ 5,91, իսկ Ճապոնիայում՝ ընդամենը 3 տոկոս:


Բայդենին նաև ծաղրել են ինսուլինի և դրա ստեղծողների մասին իր պնդման համար: Նրա իր կառավարման օրոք նշանավոր ձեռքբերումներից մեկը նշել է շաքարախտով հիվանդների համար ինսուլինի գնի նվազեցումը:

«Լավ, գիտե՞ք, թե որքան արժե այդ ինսուլինային դեղամիջոցը շաքարախտով հիվանդների համար։ Այն հնարել է մի մարդ, որն ինսուլինը չի արտոնագրել, քանի որ ցանկանում էր, որ այն հասանելի լինի բոլորի համար։ Ես խոսել եմ նրա հետ, լա՞վ։ Եվ գուշակեք, թե ինչ: Դրա պատրաստումն արժեցել է 10 դոլար: Իսկ եթե հաշվեք փաթեթավորումը և ամեն ինչ, կարող եք ստանալ մինչև 15 դոլար։ Դե, գուշակեք ինչ: Նրանք ստիպված չեն լինի ամսական 35 դոլարից ավելի վճարել: Նրանք դեռ զգալի շահույթ կունենան՝ ամսական միջինը 400 դոլարի փոխարեն»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Կանադացի բժիշկներ Ֆրեդերիկ Բանթինգը և Չարլզ Բեսթը հաջողությամբ մեկուսացրել են ինսուլին հորմոնը 1921 թվականի հուլիսին: Բանթինգը մահացել է 1941 թվականին՝ Բայդենի ծնվելուց մեկ տարի առաջ: Մինչդեռ Բեսթը մահացել է 1978 թվականին՝ Բայդենի Սենատում ընտրվելուց հինգ տարի անց. թեև նրանց հանդիպումն անիրատեսական չէ, բայց չհաստատված էլ չէ, գրում է պարբերականը:

Բացի այդ, Բայդենը շփոթել է տիկնանց և միասեռականներին:

«Գեյեր և ջենթլմեններ, դժվար ժամանակներ են եկել»,-ասել է Բայդենը՝ դիմելով իր երկրի քաղաքացիներին և շփոթելով «տիկնայք» (ladies) և «գեյ» բառերը։

Ի դեպ, այս սխալին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հեգնանքով մեկնաբանել է Բայդենի ասածը:

«Որքան ուրախ եմ, որ դժվար ժամանակները չեն ազդի հետերոսեքսուալ կանանց վրա»,-գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։

Նույն ելույթի ժամանակ Բայդենն ասել թ, որ պաշտոնը ստանձնել է «այս ամառ», այն դեպքում, երբ հաղթել է 2020 թվականի նախագահական ընտրություններում։ Աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ Բայդենը նշել է, որ վերջերս է բենզալցակայանում եղել և նկատել է բենզինի գնի փոփոխությունը։

«Բենզինը 3 դոլար 25 ցենտ է, մինչդեռ այն 5 դոլար արժեր, երբ ես այս ամռանն ստանձնեցի պաշտոնը»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 20-ին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը