Լրահոս

24.04.2009 17:45


Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը "Russia Today" հեռուստաալիքին

Ալեքսանդր Գուրնով-Բարի երեկո, պարոն Նախագահ: Շնորհակալություն մեր հաղորդմանը հյուրընկալվելու հրավերն ընդունելու համար: Առաջին հարցը, որ ցանկանում եմ Ձեզ ուղղել հետևյալն է. որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, ի՞նչ է Ձեզ համար նշանակում ապրիլի 24 ամսաթիվը:

Նախագահ Սարգսյան-Բարի երեկո: Հայ ժողովրդի պատմությունը հաշվարկվում է հազարավոր տարիներ: Այդ պատմության ընթացքում մենք ունեցել ենք հաղթանակներ, ունեցել ենք պարտություններ, ձեռքբերումներ և կորուստներ, բայց մեր պատմության ընթացքում կա մի կետ, որը ջրբաժան է հանդիսանում. այդ կետը 1915թ. ապրիլի 24-ն է: Դրանից հետո մենք գործ ունենք բոլորովին այլ իրողության հետ: Հազարավոր, միլիոնավոր մարդիկ ապրում ու արարում էին իրենց հողի վրա, ստեղծում էին մշակութային արժեքներ, բայց ստիպված եղան ամբողջովին լքել այդ տարածքները: Մի մասն, իհարկե, սպանվեց, մյուս մասը' լքեց այդ տարածքները մահից փրկվելու համար: Եվ այսօր աշխարհում գրեթե չկա մի երկիր, որտեղ հայեր չլինեն: Այսօրվա Հայաստանի բնակչության գրեթե կեսը ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներ են: Սրանք իրողություններ են, որ ամեն օր առկա են մեր կյանքում: Այսօր, եթե դուք Երևանից 15-20 կմ շարժվեք դեպի Թուրքիա, կհանդիպեք Եվրոպայի վերջին փակ սահմանին: Հայաստանն անկախացել է 1991թ., անցել է արդեն 18 տարի, և սահմանը շարունակվում է փակ մնալ: Ես այս օրինակը բերում եմ ոչ թե նրա համար, որ ասեմ, թե մեր նկատմամբ շրջափակում է իրականացվում, այլ որպեսզի պարզ լինի, որ 1915 թ. ապրիլի 24-ը մեր իրականությունում ներկա է ամեն օր: Ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակված է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, բայց մինչև պաշտոնապես հայտարարվելը, մինչև պաշտոնապես ընդունվելը ևս ապրիլի 24-ը մեր ժողովրդի համար եղել է այդպիսին: Ինձ համար ևս, որպես մեր ժողովրդի ներկայացուցիչներից մեկը, դա այդպես է: Բայց որպես Հանրապետության Նախագահ ես պարտավոր եմ միջոցներ ձեռնարկել մեղմելու այդ ահավոր ոճրագործության հետևանքները և, անշուշտ, պարտավոր եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման հանցագործությունները չկրկնվեն, իսկ դրա ամենաարդյունավետ ձևը ցեղասպանության միջազգային ճանաչումն է:

Այսօր շատ խոսակցություններ կան այն մասին, որ Միացյալ Նահանգների Նախագահը' Բարաք Օբաման, հնարավոր է վերջապես ճանաչի հայոց ցեղասպանությունը: Այդ թեման արծարծվել է նույնիսկ նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում: Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ է ցեղասպանության ճանաչումն այդքան կարևորվում: Ի՞նչ կտա այն:



Նախագահ Սարգսյան-Ինչպես ասացի, ցեղասպանության ճանաչումը նման հանցագործությունների կանխման ամենաարդյունավետ միջոցն է: Եվ երկրորդ' հայ ժողովրդի կողմից ամենապահանջված արժեքը արդարության արժեքն է, ինչն էլ, անշուշտ, այս դեպքում կապվում է ցեղասպանության ճանաչման հետ: Վերջիվերջո, աշխարհում չկա մի հայ, ով համոզված չլինի ցեղասպանության փաստի մեջ, և յուրաքանչյուր հայ ձգտում է այս խնդրին նայել արդարության տեսանկյունից: Բայց ուզում եմ ավելացնել, որ մենք չէ, որ Միացյալ Նահանգներին դրդում ենք ճանաչելու ցեղասպանությունը: Միացյալ Նահանգները Օսմանյան կայսրությունում ունեցել են դիվանա•ետներ, միսիոններներ, գործարարներ, ունեցել են ապահովագրական ընկերություններ և Միացյալ Նահանգների համար որևէ կասկած չկա' ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Նրանք հավելյալ փաստերի կարիք չունեն: Ուզում եմ հիշեցնել, որ Միացյալ Նահանգների արդեն 42 նահանգներ ճանաչել են ցեղասպանությունը, ուզում եմ հիշեցնել, որ երբ Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պարբերաբար քննարկվում է հայոց ցեղասպանության խնդիրը, գրեթե առանց բացառության, բոլոր կոնգրեսականներն էլ ասում են, որ ցեղասպանություն եղել է: Ուղղակի այդ կոնգրեսականների մի մասն ասում է, որ այո' ցեղասպանություն եղել է, և Միացյալ Նահանգները պարտավոր է ճանաչել այդ եղելությունը, իսկ մյուս մասն ասում է, որ այո, եղել է, բայց այսօր Միացյալ Նահանգների ազգային շահերից չի բխում ցեղասպանության ճանաչումը:

Պարոն Նախագահ, Դուք Թուրքիայի հետ ձեր սահմանն անվանեցիք վերջին փակ սահմանը Եվրոպայում: Այսօր' այդ դեպքերից համարյա հարյուր տարի անց, որքանո՞վ և ի՞նչ չափով են 1915թ. դեպքերը բարդացնում ձեր հարաբերությունները Թուրքիայի հետ: Կան արդյո՞ք այդ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ մեր օրերում:



Նախագահ Սարգսյան-Ինչպես նշեցի, 1915 թ. ապրիլի 24-ը ամեն օր ներկա է մեր կյանքում: Բայց նաև, ինչպես գիտեք, ես անցյալ տարի Թուրքիայի նախագահ պարոն Գյուլին հրավիրեցի Երևան, որպեսզի նախ միասին դիտենք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, ապա նաև խոսենք մեր հարաբերությունների մասին: Ինչպես գիտեք, պարոն Գյուլն ընդունեց այդ հրավերը, եկավ Երևան և մենք սկսեցինք Թուրքիայի հետ ինտենսիվ բանակցություններ վարել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Մենք ելնում ենք այն գաղափարից, որ այո, եղել է ցեղասպանություն, բայց Թուրքիայի կողմից ցեղասպանության չճանաչման փաստը մենք չենք համարում անհաղթահարելի խոչընդոտ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Մենք կողմ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու: Ինչպես գիտեք, մինչ Գյուլի այցը Հայաստան թուրքերը երկու նախապայման էին առաջ քաշում. առաջին նախապայմանը կապված էր ցեղասպանության հետ, իսկ երկրորդը' Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Եվ բանակցությունների ընթացքում մենք' և հայերս, և թուրքերը, ղեկավարվում էինք այդ սկզբունքով' առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում, այնուհետև ցանկացած հարցի քննարկում, որ կարող է հետաքրքրել կողմերին: Ինչպես գիտեք, պարոն Գյուլն այդ ժամանակ ինձ հրավիրեց' դիտելու պատասխան ֆուտբոլային խաղը, և ես հաճույքով կընդունեմ պարոն Գյուլի հրավերը, կայցելեմ Թուրքիա, եթե սահմանները մինչ այդ բաց լինեն, կամ էլ մենք լինենք դրա նախաշեմին: Մինչ վերջերս բոլորն էլ համոզված էին, որ մենք բավականին առաջ ենք գնացել բանակցություններում և ակնկալվում է իրավիճակի այնպիսի փոփոխություն, որը կարող է պատմական համարվել: Բայց վերջերս Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, թե հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Հայաստանի Հանրապետությունը գնա զիջումների Լեռնային Ղարաբաղի խնդրում, մենք գնահատեցինք որպես ձեռք բերված պայմանավորվածություններից հետընթաց և նախապայմանի առաջադրում: Ես կարծում եմ, որ մենք բանակցություններում այնքան ենք առաջ գնացել, որ հիմա արդեն գնդակը գտնվում է Թուրքիայի խաղադաշտում: Եվ, եթե խոսում ենք "ֆուտբոլային դիվանագիտության" մասին, տերմին, որը լրագրողներն են հարմարեցրել մեր բանակցային գործընթացին, ապա պետք է ասենք, որ ֆուտբոլային խաղը սահմանափակվում է կոնկրետ ժամանակով:

Պարոն Նախագահ, Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Որո՞նք են ձեր ևս մեկ կարևոր հարևանի' Ադրբեջանի հետ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները:



Նախագահ Սարգսյան-Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները' Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան: Իմ պաշտոնավարման սկզբից ես ունեցել եմ երեք հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կարծում եմ' այս մեկ տարին բավականաչափ ժամանակ էր, որ մենք փոխադարձ հասկացված լինենք, որպեսզի կարողանայինք յուրաքանչյուրիս դիրքորոշումը ճշտել և կարծիք կազմել: Կարծում եմ' հիմա արդեն ժամանակն է, որ մենք կարողանանք արագացնել ողջ գործընթացը և գնալ լուծումների:
Ինչպես գիտեք, առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է, և եթե այս հարցը լուծվի, ապա մնացած բոլոր հարցերը հեշտությամբ կկարողանանք լուծել: Ես ուրախ եմ, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի ղեկավարությունը սկսել է խոսել խնդրի' միջազգային բոլոր սկզբունքներին համապատասխան կար•ավորման մասին: Օրերս Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հանդես գալով ռուսական լրատվամիջոցների առջև, բազմիցս ասաց, որ, այո, այս խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համահունչ: Հիշեցման կարգով ուղղակի ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը երկար տարիների ընթացքում խոսում էր, որ ԼՂ-ի խնդիրը կարող էր լուծվել կամ ռազմական ճանապարհով, կամ էլ' միայն տարածքային ամբողջականության սահմաններում:

Եվ ընդհանրապես, երբ խոսում են տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, ապա շատ պարագաներում, կամ չտիրապետելով նյութին, կամ էլ ելնելով քաղաքական նկատառումներից, շատ մարդիկ հայտնվում են անհարմար վիճակում: Եվ ես շատ պարագաներում սկսում եմ մտածել ոչ միայն կրկնակի, այլև եռակի ստանդարտների գոյության մասին: ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից քառասունը կազմակերպությանն անդա¬մակցել է վերջին քսան տարիների ընթացքում: Ինչպե՞ս կարելի է այս պարագայում խոսել սահմանների անքակտելիության մասին: Իհարկե, ես կողմ եմ և չեմ էլ կարող կողմ չլինել պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին, բայց մենք երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չենք ունեցել. այստեղ խնդիրն ուղղակի աղավաղվում է և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը ներկայացվում է որպես Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջ, ինչը, իհարկե, այդպես չէ:
Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ է մտցվել Սովետական Միության կոմունիստական կուսակցության որոշմամբ, և նույնիսկ այդ պարագայում Սովետական Միության սահմանադրության մեջ հստակորեն ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ հասկացությունը' որպես ազգային-պետական կազմավորում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Սովետական Միության ու Ադրբեջանի կազմից դուրս է եկել Սովետական Միության օրենքներին համապատասխան: Եվ երբ ադրբեջանցիներն այսօր խոսում են "օկուպացիայի" մասին, նրանք, մեղմ ասած, մոռանում են, թե ինչպես են ծավալվել իրադարձությունները: Ադրբեջանին զուգահեռ 1991թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախացել է, այնուհետև Ադրբեջանը ձեռնարկել է ագրեսիա և ռազմական գործողությունների ադյունքում ունենք այն, ինչ այսօր ունենք:
Այո, այսօր Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը վերահսկում են նաև տարածքներ, որոնք նախկինում չեն եղել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմում, բայց, պետք է հիշենք, որ այդ տարածքները Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անվանում է անվտանգության գոտի, և եթե հրադադար կնքելուց հետո անցել է 15 տարի, դա չի նշանակում, թե պատճառահետևանքային կապը խախտվել է. այդ տարածներից ամեն օր հազարավոր ռումբեր էին պայթում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի վրա: Հիմա մենք մեղադրենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, հայ ժողովրդին, որ կարողացան իրենց ապրելու իրավունքը արյան թանկ գնով վաստակել և դա անվանել օկուպացիայի արդյունք' ճիշտ չէ:
Նորից պետք է կրկնեմ, որ, օրերս, Ադրբեջանի նախագահը, խոսելով միջազգային իրավունքի սկզբունքների մասին, խոսեց նաև այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի որոշումներին համապատասխան: Անշուշտ, այդպես պետք է լինի: Ինչպես բոլորս գիտենք, ԵԱՀԿ արտգործնախարարների վերջին գագաթնաժողովում, որը տեղի ունեցավ անցյալ տարվա վերջին Հելսինկիում, որպես խնդրի լուծման սկզբունքներ մատնանշվում էին երեքը' տարածքային ամբողջականություն, ինքնորոշում և ուժի կիրառման բացառում: Եվ այն սկզբունքները, որ այսօր բանակցությունների համար հիմք են հանդիսանում, ու որոնք մեզ առաջարկվել են Մինսկի խմբի, Մինսկի խմբի համանախագահների կողմից, հենց ելնում են այդ երեք սկզբունքներից: Այնպես որ, եթե այդ տեսանկյունից նայելու լինենք, մենք բավականաչափ առաջ ենք գնացել, և այստեղ էլ իրավիճակն էապես փոխելու հնարավորություններ կան:

Պարոն Նախագահ, այժմ շատ է խոսվում այն մասին, որ նախկին ԽՍՀՄ տարածքում առկա որոշ խնդիրներ կարող են լուծվել ԱՊՀ կառույցների միջոցով: Մյուս կողմից կա նաև տեսակետ, որ ԱՊՀ-ն իրեն սպառել է: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ԱՊՀ-ի բոլոր ռեսուրսներն օգտագործվել են, թե՞ որոշ ռեսուրսներ դեռ կան:



Նախագահ Սարգսյան-Ոչ, ես չեմ համարում, որ ԱՊՀ-ն սպառել է իր ռեսուրսները, և պետք է ասեմ, որ հրադադարը, որ կնքվել է 1994թ., կնքվել է հենց ԱՊՀ-ի շրջանակներում, ինչը մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ ԱՊՀ-ն անհրաժեշտ և կարևոր կառույց է: Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է լինել այնպիսին, ինչպիսին որ ցանկանում են տեսնել անդամ երկրները: Մենք 70 տարի ապրել ենք մի պետության կազմում, իսկ բազմաթիվ երկրներ մինչ այդ ևս, տասնյակ տարիներ, եղել են ռուսական կայսրության կազմում, և միանգամից կտրել բոլոր այդ կապերը, չեմ կարծում, որ ճիշտ է և արդյունավետ: Եթե Կանադան և Ավստրալիան մինչև վերջ իսպառ չեն կտրել իրենց կապերը բրիտանական գահի հետ, դա չի նշանակում, որ վերջիններս ավելի քիչ անկախ երկրներ են, քան' մյուսները: Տասնամյակների ու հարյուրամյակների ընթացքում ձևավորվել են բազմապիսի կապեր որոնք կարող են միայն ու միայն օգտակար լինել: Իհարկե, այստեղ շատ բան կախված է Ռուսաստանից. եթե Ռուսաստանի Դաշնությունում համարում են, որ ԱՊՀ-ն անհրաժեշտ և կարևոր կառույց է, ապա' ԱՊՀ-ի ռեսուրսներն այդ դեպքում, անշուշտ, մեծանում են:

Պարոն Նախագահ, Ռուսաստանը վերջին ժամանակներս ակտիվորեն հանդես է գալիս եվրոպական անվտանգության համակարգի վերանայման գաղափարի օգտին և խոսում է Եվրոպայում անվտանգության մասին նոր պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին: Որքանո՞վ է պաշտոնական Երևանը համամիտ այս նոր մոտեցմանը:



Նախագահ Սարգսյան-Ես հասկանում եմ Ռուսաստանի Դաշնության, իմ ռուս գործընկերների մտահոգությունները և դրա դրդապատճառները: Այսօրվա անվտանգության համակարգը ձևավորվել է տասնյակ տարիներ առաջ, երբ դժվար էր հաշվի առնել բոլոր իրողությունները, քանզի այսօր սպառնալիքներն էապես փոխվել են: Այդ իսկ պատճառով կարծում եմ' ուղղումներ և ճշտումներ մտցնելու անհրաժեշտություն, իրոք, կա: Մի օրինակ բերեմ' ԵԱՀԿ-ի արդյունավետության մասին: Ինչպես գիտեք, Եվրոպայում սովորական սպառազինությունների խնդիրը կար•ավորող պայմանագրով յուրաքանչյուր երկրի համար սահմանված են սպառազինությունների չափաքանակներ: Ադրբեջանն արդեն բավական տևական ժամանակ էապես խախտում է այդ պայմանագրի դրույթները, իմիջիայլոց, ԵԱՀԿ անդամ մեկ այլ, կամ մի քանի երկրների օգնությամբ և կարծես որևէ մեկն այսօր իր վրա պատասխանատվություն չի վերցնում մեզ ուղղորդելու, ցույց տալու, թե որոնք են մեր չափաքանակները: Նման պայմաններում այս պայմանագրերը ինչպե՞ս կարող են երկարատև լինել:
Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, բայց մի բան ակնհայտ է, որ անվտանգության համակարգերն, ընդհանրապես, ձևավորվում են համաշխարհային ցնցումներից հետո: Այդպիսիք էին երկու համաշխարհային պատերազմները: Կան վերլուծաբաններ, որոնք նոր անվտանգության համակարգ ձևավորելու գործում նույնիսկ պարտադիր պայման են համարում համաշխարհային պատերազմները, բայց ես հույս ունեմ և վստահ եմ, որ աշխարհի հզոր երկրները այս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը կհամարեն որպես մեծ ցնցում և, ելնելով սրանից, կմշակվի համաեվրոպական, համաշխարհային անվտանգության համակարգ:

 

Այս խորագրի վերջին նյութերը