Հարցազրույց

17.09.2011 13:19


Մարգարիտա Շեկոյան.

Մարգարիտա Շեկոյան.

Հարցազրույց Երևանի Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցումի տնտեսվարողներից մեկի՝ Մարգարիտա Շեկոյանի հետ

-Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա Երևան քաղաքի սեփականություն համարվող Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցումն աճուրդի  է հանվում։ Դուք այդ որոշման դեմ եք բողոքո՞ւմ, թե՞ մտավախություն ունեք, որ աճուրդը մեծ հաշվով ձևական բնույթ է կրելու և, ինչպես նշում են Ձեր գործընկերները, գետնանցումը սեփականաշնորհելու է քաղաքակապետի ցանկացած մարդը։

-Մենք ինքներս մեր ուժերով ստեղծել ենք այս կրպակները, 20-25 տարի է՝ մենք աշխատում ենք, գետնանցումն էլ բարվոք վիճակում է։ Եթե մի բան այն չէ, մենք պատրաստ ենք վերանորոգել մեր ուժերով. միշտ էլ մենք ենք արել, ոչ թե պետությունը։ Նույնիսկ անցյալ տարի մենք էլի գումար էինք հավաքել, հանձնել թաղապետարան գետնանցումը բարեկարգելու համար։ Ինչ–որ բան արվեց, բայց ոչ այն չափով, ինչքան գումար էին հավաքել։ Եվ հիմա այսօր մենք լսում ենք, որ մեր գետնանցումը գնողներ կան, իսկ մինչև այդ ասում էին մեզ, թե գետնանցումը «բոմբաուբեժիշչե» է և այլն, այն չի վաճառվում, իսկ այսօր... Մեր պահանջն այն է, որ եթե այսօրվա իրականությամբ մի բան  փոխվել է, և գետնանցումը վաճառվում է, ապա թող բարի լինեն մեզ այն վաճառել, մենք պատրաստ ենք գնել մեր կրպակները։ Չեմ կարծում, որ նախագահը սրա մասին տեղյակ չէ։

-Ե՞րբ է կայանալու աճուրդը

-Սեպտեմբերի 19-ին կայանալու է աճուրդը։ Մենք մասնակցելու ենք։ Մեզ խոսք տվեցին (պարոն Հովսեփյանը), որ մեզ է վաճառվելու գետնանցումը։ Բայց այսօր մենք ուրիշ բան ենք լսում, որ արդեն գնորդը կա։ Գուցե արդեն վաճառքն էլ է եղել, բայց եթե նույնիսկ չի եղել, նրանք գիտեն, թե ում են վաճառելու։ Արդեն որոշել են։

-Այս պահին դուք բողոքի գործողությամբ համդես եք գալիս նախագահի նստավայրի առաջ։ Իրականում որևէ ակնկալիք ունե՞ք։

-Մեզ ուղղակի ստիպում են, որ մենք գնանք մեր երկրից, իսկ մենք չենք ուզում գնալ։ Ես թոշակառու եմ, ես ու՞ր գնամ, բայց երեխաներս եթե գնան, ես չեմ առարկի, նրանք ուրիշ ճար չունեն։ Թողնենք՝ գնանք... Նույն հաջողությամբ կարող են վաղը գալ ու ասել, որ ձեր իսկ սեփական տունը, այ, որ դու ապրում ես, դուրս արի։ Մենք կորցնելու բան չունենք, սա է մեր վերջին պայքարը։

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը

Այս խորագրի վերջին նյութերը