Լրահոս

14.11.2022 15:33


Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող երկու անձանց ընտանիքներին գյուղից տարհանել են

Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող երկու անձանց ընտանիքներին գյուղից տարհանել են

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին ու նրա 8 և 12 ամյա երեխաների սպանության մեջ կասկածվող երկու անձանց ընտանիքներին գյուղից տարհանել են հնարավոր հաշվեհարդարից խուսափելու համար։

Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ գյուղում լարված իրավիճակ է, անգամ փորձել են կասկածյալների տներն այրել։

«Այս պահին գյուղում հանգիստ է, լարվածություն չկա, ոչ մեկը չի ցանկանա հաշվեհարդար տեսնել, գնալ նրանց հետ նստել»,–ասաց գյուղացիներից մեկը` Սոկրատ Պետրոսյանը։
Բնակիչները չէին սպասում, որ կասկածյալները կարող են գյուղից լինել։

Պետրոսյանի խոսքով` դեպքի վայրի մոտակայքում տեսախցիկներ են եղել, որոնք էլ հնարավոր է՝ օգնել են ոստիկաններին բացահայտել հանցագործությունը։

Գյուղի մեկ այլ բնակիչ Վոլոդյա Հակոբյանն էլ վստահ է, որ այսուհետ ոչ սպանվածների հարազատները կարող են այդ տանը բնակվել, ոչ էլ գյուղում՝ հանցագործների հարազատները։

«Գլուխները կառնեն կփախնեն»,–ասաց նա։

Առաջին կասկածյալի հետ կապված գյուղացիները մի բնորոշում են տալիս` «խուլիգան է», բայց չեն հասկանում, թե երկրորդ կասկածյալը ինչպես կարող էր նման բան անել։

«2–րդ կասկածյալը 10 օր առաջ է արտագնա աշխատանքից վերադարձել։ Գյուղի միջի տղա է, շփվող, երևացող , եթե ինքը եղած լինի, կափսոսեմ իր համար։ Գնում էր Ռուսաստան, աշխատում էր, գալիս էր։ Ընտանիքն իրենից 2 օր առաջ էր գյուղ եկել»,–ասաց գյուղացին։

Այս խորագրի վերջին նյութերը