Տնտեսական

21.11.2022 20:46


Իրավիճակը Լարսում ու Վրաստանում ողբերգական է 25 օր

Իրավիճակը Լարսում ու Վրաստանում ողբերգական է 25 օր

Վերջին մեկ ամսում Վրաստանն անուղղակի կերպով արգելափակել է իր տարանցիկ ճանապարհները հայկական բեռների համար. դեպի ՌԴ բեռնափոխադրողները չեն կարողանում շարժվել։ Հայկական մթերք, բանջարեղեն ու խմիչքներ արտահանող գործարարները տնտեսական լուրջ կոլապսի մեջ են։ Վրաց իշխանության քամահրանքով՝ Վրաստանի տարածքով օրական ստուգվում և բաց է թողնվում հազիվ մեկ-երկու մեքենա։ Ընդգծենք, այս դիսկրիմինացիան բացառապես հայ արտահանողներ-ներկրողների համար է, ադրբեջանցիները, ղազախները, բելառուսներն ու թուրքական մեքենաները չունեն ոչ մի արգելք։

Այս պահի դրությամբ, որոշ տվյալներով, մինչև 2 հազար բեռնափոխադրող մեքենա «գերեվարման մեջ է» վրացական տարածքում։ Yerevan.Todayտեսանյութերով ներկայացրել էր, որ միայն այլընտրանքային ճանապարհին՝ Լարսի անցակետից 160 կմ հեռավորությամբ՝ 630 մեքենա 19 օր շարունակ կանգնած է նույն կետում, վարորդների խոսքով՝ երկու շաբաթում հաջողել են ընդամենը 400 մետր առաջ տեղաշարժվել։

Չափազանց լարված է իրավիճակը Լարսում, վարորդները 1000 լարիով տուգանվում են պարբերաբար (շուրջ 140 հազար դրամ), չկա առաջ գնալու հնարավորություն, ոչ էլ ետդարձի ճանապարհն է ստացվում, որ գոնե որոշ սառնարանային բեռնատարները փչացած մթերքը թափեն, վերադառնան Հայաստան։ Մեզ հայտնեցին, որ մի քանի հայ գործարարներ իբր ճկուն լուծում են մոգոնել, փորձել են մի պահ այդ արգելանքներն հաղթահարել տարբեր ազգերի մեքենաներում հայկական բեռներ թաքցնելով, բայց վրաց մաքսավորներն արագ բացահայտել են հայերի խորամանկությունը ու հազարական լարի տուգանել են մի շարք վարորդների։

Այսօր էլ տեղեկացանք, որ Վրաստանում խցանված միջպետական ճանապարհներից հայ վարորդներ են բերման ենթարկվում, պատճառները տարբեր են․․․ Ասում են՝ 20-25 օր բեռնատարներում քնող, սնվող, անջուր, անհաց մնացած հայերի նյարդերը տեղի են տալիս, էլ չեն դիմանում վրաց իշխանության նվաստացումներին։

Կոնֆլիկտներ են ծագում ամեն քայլափոխի՝ հայ վարորդների ու վրաց ՃՈ աշխատակիցների միջև, որոնցից մեկը, ի դեպ, մի բարձրաստիճան ոստիկան է, ազգությամբ թուրք, ու հենց այդ ազգային խտրականության ֆոնին լեզվակռիվ, ընդհուպ՝ բախումներ են լինում հենց նրա հետ։

Ժամ–ժամ հայկական տարածքից Վրաստան մտնող բեռնատարների հերթերը ավելի ու ավելի են խտանում, իսկ վրացիների այսպիսի պահվածքը հարևան երկրում ու հայկական իշխանությունների շուրթերով բացատրվում է լակոնիկ այսպես՝ Ղրիմի կամրջի պայթյունի միջադեպով է իրավիճակը պատճառաբանվում։ Մի շարք տեղացի գործարարներ ևս պնդում են՝ խնդիրը բացառապես քաղաքական դաշտում է։ Նրանց խոսքով, պատրվակ է Ղրիմի կամրջի պայթյունի միջադեպը, խնդիրը խորքային է, ու իշխանություններն իրենք դիվանագիտական հարթակում առաջացրել են պրոբլեմը, իրենք էլ պարտավոր են լուծել։

Ասում են՝ Ղրիմի կամրջի ահաբեկչությունը ընդամենը շարժառիթ էր, որը փայլուն կերպով օգտագործեցին վրաց ու ՌԴ իշխանությունները՝ ՀՀ կառավարության հետ այլ մակարդակներում իրենց քաղաքական անհամաձայնությունները ցույց տալու և Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար։

Վրացիների կողմից մատուցվում է, թե իբր հայկական բեռների համար խնդիր ստեղծում է ռուսը, ՌԴ-ից են հայկական բեռների համար այսպիսի կտրուկ մերժումները ստացվում։ Բայց չմոռանանք՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է ու գործում է ԵԱՏՄ միասնական մաքսային համակարգում, տուժում է նաև Հայաստանի տարածքով դեպի ՌԴ եվրոպական ապրանքների փոխանցումը։

Փաստացի, այս պայմաններում արհեստականորեն խաթարվում է ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական շրջառության ցիկլը ու չեն գործում ԵԱՏՄ կանոնադրության համաձայն մի շարք օրենքներ։ Իսկ ո՞րն է սրան հայկական կառավարության գործնական հակազդեցությունը, պարզ չէ․․․ առայժմ զրո արդյունքով պարզունակ ելույթներ են, ու խորացող ճգնաժամն է տեսանելի։

Վրացիների արհեստական արգելակումներով բարդանում է հայ գործարարների վիճակը ՌԴ-ում, նրանք դուրս են մղվում ՌԴ շուկայից։ Փոխարենը Նոր տարվա շեմին վրացական ապրանքաշրջանառության ծավալն է ահռելի մեծանում ռուսական շուկայում՝ սույն խնդիրներով առաջացած հայկական մթերքի վակուումն օգտագործելով՝ վրացական մթերքի կորցրած շուկան 2008-ի պատերազմից հետո վերականգնելու համար։

Սյուզի Բադոյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը