Խմբագրական

21.09.2011 14:41


Հաղթանակների և պարտությունների 20–ամյակ

Հաղթանակների և պարտությունների 20–ամյակ

Հայաստանի Հանրապետությունը դարձավ 20 տարեկան։ Գույքագրման ենթարկելով անցած երկու տասնամյակների ընթացքում արձանագրված արդյունքները՝ կարող ենք ասել, որ եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ կորուստներ։

Ձեռքբերումներ

Ա. Ամենահիմնական նվաճումն, անշո՛ւշտ, հենց անկախությունն է ինքնին։ Անկախություն, որը բացարձակ արժեք է և որի շնորհիվ հնարավոր դարձավ Արցախյան պատերազմում հաղթական արդյունք գրանցելը։

Բ. Անկախ Հայաստանն իր հավատարմությունը հայտնեց համամարդկային արժեքներին՝ կողմ արտահայտվելով խոսքի, մամուլի, խղճի ազատությանը։

Գ. Անկախության հռչակագրի մակարդակով ամրագրվեց, որ մեր պետությունը սատար է կանգնելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործին։

Դ. Ընդունվեց մասնավոր սեփականության ինստիտուտի գոյության իրավունքը և ֆորմալ առումով որդեգրվեց պլանայինից շուկայական տնտեսությանն անցնելու կուրսը։

Ե. Միակուսակցական համակարգ նախատեսող սովետական իրավաքաղաքական հարաբերություններն օրենսդրորեն փոխարինվեցին ժողովրդավարական երկրներին հատուկ բազմակուսակցականով։

Զ. Գիտությունը, կրթությունը, արվեստը, սպորտը և այլ բնագավառները ներկայացնող մեր հայրենակիցների ունեցած միջազգային մակարդակի բոլոր հաղթանակներն ու նվաճումները նույնպես կարելի է գրանցել անկախ ՀՀ–ի  ակտիվում։

Կորուստներ

Ա. Ամենահիմնական մինուսը, որը մենք արձանագրեցինք այս տարիների ընթացքում՝ արտագաղթողների թվաքանակն է և հանրային կյանքում արդարության դեֆիցիտը։

Բ. Սոցիալ–տնտեսական խնդիրների տակ կքած և ամեն քայլափոխի անարդարությունների հետ բախվելու արդյունքում մեր քաղաքացիների մի ստվար հատվածի համար արժեզրկվեց անկախ պետության գաղափարը (մեր ժողովրդի մի մասի մոտ սովետական կարգերի հանդեպ կարոտախտի դրսևորումներն ասվածի ապացույցներից են)։

Գ. Ղարաբաղյան շարժման ալիքի վրա և «Միացում» կարգախոսով իշխանության եկածները և՛ պատերազմի տարիներին, և՛ դրանից հետո անկախ Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտ համարեցին Ղարաբաղի հարցի գոյությունը և հակամարտության կարգավորումը տեսան մեր միակողմանի փուլային զիջումների տարբերակով, այսինքն՝ առաջնորդվեցին «Անջատում» կարգախոսով։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքական դաշտում գերիշխող դարձավ «քաղաքականությունն անբարոյականություն է» սկզբունքի կիրառումը, որն էլ իր հերթին դեգրադացրեց հասարակական հարաբերությունները։

Դ. Չնայած այն բանին, որ անկախության առաջին իսկ շրջանից հայտարարվեց շուկայական տնտեսություն և ժողովրդավարական արժեհամակարգով պետություն ստեղծելու պատրաստակամության մասին՝ մեզանում, վաղամեռիկ Է. Եգորյանի դիպուկ բնորոշմամբ, նախորդ դարի 90–ականների կեսերից դրվեցին նոմենկլատուրային կապիտալիզմի հիմքերը։ Արատավոր այդ տնտեսաքաղաքական համակարգը, որն իր բնույթով կլանաօլիգարխիկ է, գործում է մինչև օրս և հիմնականում սպասարկում իշխանական վերնախավի տնտեսական շահերը. պլանային տնտեսությունը փաստացի փոխակերպվեց իշխանական տնտեսության։

Ե. 1995–ի հուլիսի 5–ին «ընդունված» երկրի նախագահի համար շեյխական լիազորություններ ապահովող սահմանադրության օգնությամբ ստեղծվեց փակ, գիլդային համակարգ։ Սահմանադրությունը, ըստ էության, բացառում էր լեգիտիմ ընտրությունների անցկացման հնարավորությունը, ստեղծում «մեկ մարդու»՝ նախագահի քաղաքական դաշտ, ոչնչացնում տեղական ինքնակառավարման համակարգը, դատական իշխանությունը դարձնում գործադիր իշխանության կամակատար, իսկ խորհրդարանն էլ վերածում «մեկ մարդու» հենարանը հանդիսացող կառույցի։ Բնական է, որ այդ պայմաններում պետք է արմատավորվեր ընտրակեղծիքների ավանդույթը, իսկ իշխանափոխության միակ հնարավորությունը դառնար պալատական հեղաշրջումը։

1995–ի սահմանադրությունը բացառեց մրցակցային քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ապահովումը, իշխանության մեջ հայտնվելու մուտքը դարձրեց ներսի կողմից և պատճառ դարձավ այնպիսի ողբերգությունների, ինչպիսիք են՝

– 1996–ի հետընտրական գործընթացներն ու այդ օրերին տեղի ունեցած մարդկային զոհերը,

-1999–ի հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը,

–2008–ի մարտի 1–ի դեպքերը և այլն։

Անկախ Հայաստանում այնպիսի խաղի կանոններ են սահմանված, որ քաղաքական գործունեությունը իշխանական համակարգից դուրս մարգինալ կամ հեղափոխական է դարձնում ընդդիմադիր տրամադարված ուժին կամ անհատին, իսկ հակառակ պարագայում՝ այդ ուժը կամ անհատը պետք է գնան «հաճախորդացման» ճանապարհով։

Հիմա ճակատագրի հեգնանքով ՀՀ առաջին նախագահն ընկել է իր իսկ փորած փոսն ու հրաժարվելով հեղափոխությունից՝ ձգտում է «մեկ մարդու» ենթակայության տակ գործող «էջմիածնական միաբան» դառնալ, որպեսզի վերջնականապես չմարգինալանա. նոմենկլատուրային կապիտալիզմի հիմնադիրը լավ գիտի իր իսկ ստեղծած սահմանադրության ու համակարգի ներքին էությունը։ Ճիշտ է, 2005–ի նոյեմբերի 27–ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները քայլ առաջ էին, բայց ընդհանուր առմամբ կառավարման փիլիսոփայությունը մնաց նույնը։

Մեր անելիքը

Ակնհայտ է, որ Ղարաբաղյան շարժման ալիքի բերած առաջին սերնդի իշխանությունը չկարողացավ ու, թերևս, նաև չուզեց արդիական  պետություն ունենալու նախադրյալներ ստեղծել։ Ճիշտ հակառակը՝ նրանք պետական կառավարման ու հասարակական հարաբերությունների ձևավորման առումով այնպիսի խայտառակ արդյունքներ գրանցեցին, որ ամբողջությամբ արժեզրկեցին և՛ անկախության, և՛ ժողովրդավարության, և՛ ազատականության, և՛ ազգային գաղափարները։

Այժմ կլանաօլիգարխիկ համակարգը գրեթե ամբողջությամբ սպառել է իրեն, իսկ այն գլխավորող Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, որ հետսովետական շրջանի անկախ Հայաստանում իշխանության ղեկին հայտնված նեոբոլշևիկյան մտածողության վերջին մոհիկաններից է։ Ինչ որ առումով նա Բրեժնևին է հիշեցնում, ինչ որ առումով՝ Չեռնենկոյին, իսկ ինչ որ առումով էլ՝ Գորբաչովին։

Ի դեմս Սարգսյանի՝ մենք գործ ունենք սովետական անցյալի մասին հիշեցնող ուրվականի հետ, ով փորձում է իր քաղաքական գոյությունը երկարաձգել հայկական նեոբոլշևիզմի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ «երկխոսելով»։ Նրանց մերձեցումն, ի դեպ, շատ բնական պետք է համարել, քանի որ երկուսն էլ պարտված «ֆուտբոլային» գաղափարախոսության կրողներ են ու մտածողությամբ՝ հակաանկախականներ։ Ըստ այդմ՝ Ս. Սարգսյանն ու Լ. Տեր–Պետրոսյանը քաղաքական անախրոնիզմ են և իրենց այսօրվա դիրքերը պահպանում են զուտ իներցիայի շնորհիվ։ Իներցիա, որն իր ներքին էներգիան կսպառի համապետական ընտրությունների նախաշեմին։

Ինչ վերաբերում է անկախ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներիս անելիքներին, ապա հաջորդ տասնամյակի ավարտին այսօրվա խնդիրներն ամբողջությամբ լուծված տեսնելու և  զարգացման նոր ուղու վրա դուրս գալու նպատակով մենք պետք է բեկում ապահովենք։

Հարկավոր է ապամոնտաժել այս կլանաօլիգարխիկ համակարգը՝ կասեցնելով «մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծելու գործընթացը, ինչպես նաև ընդունել նոր՝ խորհրդարանական պետական կառավարման համակարգ նախատեսող Սահմանադրություն, կառուցել մրցունակ տնտեսություն և տեր կանգնել մեր ազգային–պետական շահերին։ Այլ խոսքերով՝ մեզ անհրաժեշտ են ազգային–դեմոկրատական փոփոխություններ։

Իմ խորին համոզմամբ՝ բարեփոխումների և որակապես նոր պետության ստեղծման լոկոմոտիվը, ինչպես աշխարհի բոլոր զարգացած պետությունների դեպքում, պետք է դառնան Հայաստանի փոքր, միջին ու խոշոր բիզնեսի շերտերը ներկայացնող սուբյեկտները։

Ազգային բուրժուազիայի և այդ բուրժուազիայի քաղաքական վերնաշենքի կոնսոլիդացիան հանրության լայն շերտերի, սերժալևոնական «երկխոսական» տիրույթից դուրս գտնվող քաղաքական ուժերի առողջ հատվածի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի լայն շրջանակների հետ հնարավորություն կտա մեր քաղաքացիներին հետագայում գլուխները բարձր ու հպարտությամբ լցված տոնել անկախության վերանվաճման օրը։ Այնպես որ Հայաստանի անկախացման գործընթացը դեռ չի ավարտվել։ Հիմա ավելի պատասխանատու փուլ է՝ հակաանկախական ռեակցիոն ուժերից քաղաքական դաշտը մաքրելու և նորմալ պետություն կառուցելու փուլ։ Իսկ դա նշանակում է, որ սպասվում է լուրջ պայքար։ Այդ պայքարի գագաթնակետը կլինի ԱԺ նոր կազմի ընտրությունը, որի արդյունքներն էլ կկանխորոշեն Հայաստանի ապագայի գույները։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը