Աշխարհ

09.12.2022 19:33


Հայտնաբերվել է Եվրոպայում Homo sapiens-ի ամենահին վկայությունը

Հայտնաբերվել է Եվրոպայում Homo sapiens-ի ամենահին վկայությունը

Բինհեմթոնի և Նյու Յորքի նահանգի համալսարանների գիտնականները պարզել են, որ հնագույն մարդու ծնոտը, որը գտնվել է Իսպանիայում, վկայում է ոչ թե այն մասին, որ դա պատկանում է նեանդերթալյան մարդու, այլ որ դա Եվրոպայում Homo sapiens-ի ներկայության ամենավաղ վկայությունն է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Human Evolution-ում։

Քարացած ծնոտը հայտնաբերվել է 1887թ., Իսպանիայի Բանյոլես քաղաքում օգտակար հանածոներ արդյունահանելիս։ Այն 45-65 հազար տարվա պատմություն ունի, այդ ժամանակ Եվրոպայում ապրում էին նեանդերթալյան մարդիկ, և հետազոտողների մեծ մասը մինչև հիմա դա կապում էր հնագույն մարդկանց այդ տեսակի հետ։ Բայց նոր հետազոտությունը, որի ժամանակ կիրառվել են համակարգչային տոմոգրաֆիա և քարացած ծնոտի բացակա մասերի վիրտուալ վերակառուցման միջոցներ, ցույց է տվել, որ այդ նույնականացումը սխալ է եղել։

Եռաչափ երկրաչափական մորֆոմետրիայի մեթոդն ուսումնասիրում է ոսկորի երկրաչափական հատկությունները, ինչը թույլ է տալիս դրա ընդհանուր ձևը համեմատել նեանդերթալցիների և ժամանակակից անատոմիական տեսակի մարդկանց ծնոտների հետ։ Բանյոլեսում հայտնաբերված ծնոտում չկար կզակի մասը, որը Homo sapiens-ի դիագնոստիկ նշաններից մեկն է, չնայած ընդհանուր գծեր ուներ ինչպես սափիենսների, այնպես էլ մարդկային ավելի վաղ տեսակների հետ։ Վերակառուցումը ցույց է տվել, որ իրականում հայտնաբերված ծնոտը նեանդերթալցիներին բնորոշ ոչ մի գիծ չուներ։

Հեղինակները համեմատել են բանյոլցու ծնոտը վաղ Homo sapiens-ի ստորին ծնոտի հետ, որը հայտնաբերվել է Ռումինիայում և կրում է Peştera cu Oase անունը։ Այս նմուշը կզակ ունի, ունի նաև նեանդերթալցիների որոշ գծեր, ինչը հաստատվում է ԴՆԹ անալիզի արդյունքներով, որոնք ցույց են տալիս, որ դրա տերն ունեցել է նեանդերթալցի նախնի չորս-վեց սերունդ առաջ։ Քանի որ Բանյոլեսում գտնված ծնոտի ստորին հատվածն ընդհանուր գծեր չուներ նեանդերթալցիների հետ, հեղինակները բացառել են նեանդերթալցու և H.sapiens-ի խառնումը։

Հեղինակները նշել են, որ աֆրիկյան Homo sapiens-ի որոշ ամենավաղ քարացածություններ, որոնք բանյոլական ծնոտից ավելի քան 100 հազար տարի առաջ են եղել, այնքան էլ արտահայտված կզակ չեն ունեցել, քան ժամանակակից պոպուլյացիաները։ Այսպիսով, ստորին ծնոտը կարող էր պատկանել Homo sapiens-ի մինչ այդ անհայտ պոպուլյացիային, որը համագոյակցել է նեանդերթալցիների հետ կամ եղել է Homo sapiens-ի այդ խմբի անդամի և անհայտ մարդկային տեսակի հիբրիդ։ Բայց բանյոլցիների ժամանակներում միակ քարացածությունները, որոնք հայտնաբերվել են Եվրոպայում, պատկանել են նեանդերթալցիներին, ինչն այս վարկածն այքան էլ հավանական չի դարձնում։

Այս խորագրի վերջին նյութերը