Լրահոս

25.04.2009 10:53


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը՝ ապրիլի 24-ի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը՝ ապրիլի 24-ի կապակցությամբ

«94 տարի առաջ իրագործվեց 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկը: Ամեն տարի մենք մի պահ կանգ ենք առնում` հիշելու 1,5 միլիոն հայերին, ովքեր սպանդի են ենթարկվել կամ իրենց մահն են գտել Օսմանյան կայսրության վերջին օրերին:
Մեծ Եղեռնը (Meds Yeghern) պետք է ապրի մեր հիշողության մեջ, ինչպես այն ապրում է հայ մարդկանց սրտերում:

Պատմությունը, եթե այն չի գտել իր լուծումը, կարող է ծանր բեռ լինել: Մինչդեռ 1915թ. զարհուրելի իրադարձությունները մեզ հիշեցնում են այն դաժան տեսարանները, երբ մարդը կարող է անմարդկային լինել մեկ այլ մարդու նկատմամբ, անցյալի հետ հաշվի նստելու փաստը հաշտեցման մեծ հույս է ներշնչում: Ես հետևողականորեն պնդել եմ իմ կարծիքը 1915թ. տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, և իմ կարծիքը տվյալ իրադարձությունների վերաբեյալ չի փոխվել: Ես հետաքրքրված եմ փաստերի լիարժեք, ազնիվ և արդար ճանաչման մեջ:

Տվյալ նպատակին հասնելու համար լավագույն միջոցն այն է, որ հայ և թուրք ժողովուրդները, որպես առաջխաղացմանն ուղղված իրենց ջանքերի մի մաս, պետք է դիմեն անցյալի փաստերին: Ես լիովին սատարում եմ հայերի և թուրքերի` ցավալի պատմության միջով անցնելու ջանքերը, անցնելու մի ճանապարհով, որն ազնիվ է, բաց և կառուցողական:

Հենց այդ նպատակով է հայ և թուրք ժողովուրդների միջև, ինչպես նաև Թուրքիայում սկսվել համարձակ և կարևոր մի երկխոսություն: Ես նաև լիովին սատարում եմ Հայաստանի և Թուրքիայի ջանքերը` ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Շվեյցարիայի միջնորդությամբ երկու երկրների կառավարությունները բանակցությունների ձևաչափի և ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության եկան: Ես ողջունում եմ այս առաջընթացը և կոչ եմ անում նրանց իրականություն դարձնել փաստաթղթում ամրագրված խոստումը:

Հայաստանը և Թուրքիան միասին կարող են դարբնել այնպիսի հարաբերություններ, որոնք իրենց բնույթով կլինեն խաղաղ, արդյունավետ և բարգավաճ: Եվ միասին` հայ և թուրք ժողովուրդները կլինեն ավելի ուժեղ, քանզի կընդունեն իրենց ընդհանուր պատմությունը և կգիտակցեն, որ միևնույն մարդկային ցեղին են պատկանում:

Ոչինչ չի կարող հետ բերել Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերը: Սակայն վերջին 94 տարիների ընթացքում հայերի կողմից կատարած ներդրումը նրանց տաղանդի, հարաշարժության, հաստատունության վառ ապացույց է և նախատինք նրանց, ովքեր ցանկացել են ոչնչացնել հայերին: Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ավելի հարուստ երկիր է դարձել հայկական ծագում ունեցող բազմաթիվ ամերիկացիների շնորհիվ, ովքեր լուրջ ներդրում են կատարել մեր հասարակության մեջ և որոնցից շատերն այս երկիր են գաղթել 1915թ. դեպքերից հետո: Այսօր ես կանգնած եմ նրանց, ինչպես նաև ողջ աշխարհի հայության կողքին` լի բարեկամության, միասնության և խորին հարգանքի զգացումով»:

Այս խորագրի վերջին նյութերը