Աշխարհ

20.12.2022 19:38


Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թ․ Ղազախստանում

Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թ․ Ղազախստանում

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 10-րդ գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականին Ղազախստանում, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով երկրի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևի հանդիպման արդյունքները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։

«Պետության ղեկավարը նշել է, որ կազմակերպության քարտուղարության առջև խնդիր է դրված արդյունավետորեն իրականացնել այս տարվա հոկտեմբերին Սամարղանդում կայացած գագաթնաժողովում ընդունված առաջնահերթություններն ու նախաձեռնությունները։ Թյուրքական պետությունների կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին։ ԹՊԿ-ի հաջորդ՝ տասներորդ հոբելյանական գագաթնաժողովը կկայանա 2023 թվականին Ղազախստանում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ղազախստանի նախագահը նաև շնորհավորել է Օմուրալիևին ԹՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Ղազախստանը՝ որպես կազմակերպության հիմնադիրներից մեկը, շահագրգռված է զարգացնել բազմակողմ համագործակցությունը թյուրքական պետությունների հետ և առավելագույն աջակցություն կցուցաբերի քարտուղարության աշխատանքին։ Նա ընդգծել Է, որ այսօրվա դրությամբ զգալիորեն աճել են կազմակերպության դերն ու նշանակությունը՝ որպես թյուրք ժողովուրդների համագործակցության և միասնության ամրապնդման եզակի հարթակի: Կազմակերպության հետ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերն ընդլայնելու մտադրություն են հայտնում աշխարհի բազմաթիվ պետություններ և միջազգային կազմակերպություններ»,-հավելել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունում:

Այս խորագրի վերջին նյութերը