Լրահոս

21.12.2022 15:13


#FreeArtsakh. նկարիչները նախաձեռնել են ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի

#FreeArtsakh. նկարիչները նախաձեռնել են ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի

Մի խումբ հայաստանցի և ռուսաստանցի նկարիչներ ստեղծում են գրաֆիտիներ և սթիքերներ, որոնց վրա պատկերված է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը՝ #FreeArtsakh (Ազատ Արցախ) կարգախոսով։

Ակցիայի նպատակն է՝ հասարակության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից մեկ շաբաթից ավել շարունակվող Արցախի շրջափակմանը և մարդասիրական օդային միջանցքի բացման անհրաժեշտությանը։

Նախաձեռնությանը միացել են Երևանը, Դիլիջանը, Վանաձորը, Կրասնոդարը և այլ քաղաքներ։

Դեկտեմբերի 12-ից ամբողջությամբ փակվել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շրջափակել են ճանապարհը։ Արդյունքում Արցախի 120.000 բնակիչ, այդ թվում՝ 30.000 երեխա, հայտնվել են շրջափակման մեջ։ 1100 քաղաքացի, այդ թվում՝ 270 անչափահաս, զրկվել են տուն վերադառնալու հնարավորությունից։

Բուժհաստատություններում դադարեցվել են պլանային վիրահատությունները:

Արցախի ողջ բնակչությունը գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ՝ զրկվելով սննդի, դեղորայքի և վառելիքի մատակարարումից։

Նկարիչները կոչ են անում աշխարհի մշակութային հանրությանը չլռել և կիսվել #FreeArtsakh կարգախոսով՝ իրավիճակը փոխելու և Արցախի շրջափակումը դադարեցնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը