Մեկնաբանություն

23.09.2011 20:55


Ռուբեն Հայրապետյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի՞

Ռուբեն Հայրապետյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի՞

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօրվա իր ասուլիսում բավական լուրջ մեղադրանքներ է ներկայացրել Լևոն Տեր–Պետրոսյանին՝ հայտարարելով, թե 90–ականներին առաջին նախագահն ու իր ոհմակը զբաղվել են զենքի առևտրով։ Հայրապետյանը նշել է նաև, թե Տեր–Պետրոսյանի իշխանության օրոք Հայաստանը դարձել էր թմրանյութերի տարանցիկ գոտի, որի մասին, ըստ բանախոսի, զեկուցագրեր են պատրաստել նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

ՀՀԿ–ական պատգամավորը, ով Սերժ Սարգսյանի մերձավոր անձանցից է համարվում, ավելացրել է, որ ինքը կարող է ապացուցել իր ասածները. «Թող դատի տան։ Դատարանում ես կապացուցեմ նաև այն սպանությունները, որոնց համար իրենց ժամանակվա ՆԳՆ–ի նախարարը հետախուզության մեջ է։ Թող դատի տան, կտեսնենք՝ կապացուցե՞մ, թե՞ ոչ»։

Թե ինչպիսի զարգացումներ են սպասվում ՀՖՖ նախագահի հայտարարությունների հետ կապված և արդյոք ՀԱԿ առաջնորդն ու իր շրջապատը կփորձե՞ն պատասխանել հնչեցված մեղադրանքներին՝ պարզ կդառնա առաջիկայում։ Այս պահին, սակայն, կարևորը դա չէ։ Ի վերջո, բոլորիս է հայտնի, որ լևոնական կառավարման շրջանում բազմաթիվ հանցագործություններ են եղել ու Հայրապետյանն այդ առումով նորություն չի ասել։

Հաշվի առնելով ներքաղաքական գործընթացները՝ կարևորն ու ուշագրավն այստեղ այն է, որ Ս. Սարգսյանի մտերիմ համարվող մարդն անուղղակիորեն մեղադրում է ՀՀԿ «ճկուն» ղեկավարին, ով, երկխոսական գործընթաց է նախաձեռնել, ՀՖՖ նախագահի բնորոշմամբ, նարկոթրաֆիկով զբաղված ու բազում հանցագործություններ գործած Տեր–Պետրոսյանի հետ։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ իշխող կոալիցիայի հիմնական ուժը  ներկայացնող մեկ այլ գործիչ, ով համատեղությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն է, ուղղակի ձևով հայտարարեց, թե զզվում է ՀԱԿ–ի հետ կազմակերպվող երկխոսությունից ու նողկանք է ապրում այդ փաստի կապակցությամբ, ապա դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանի սիրավեպը Տեր–Պետրոսյանի հետ չի ողջունվում իր իսկ կուսակիցների ու մտերիմների կողմից։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, ձգտելով պահել աթոռը, քաղաքական դաշտում հայտնվել է անվճռական մենակի դերում կամ, ավելի ճիշտ, մնացել է Լ. Տեր–Պետրոսյանի հույսին։ Բայց խնդիրն այն է, որ Տեր–Պետրոսյանն էլ իր հերթին է մնացել Սերժի հույսին, քանզի առանց վերջինիս քարոզչական ու այլ բնույթի աջակցության՝ ՀԱԿ–ը վերջնականապես կվերածվեր քաղաքական դիակի։ Այսինքն՝ երկու անհույս գործիչ մնացել են միմյանց հույսին։

Թե ինչ դուրս կգա սերժալևոնական այս համագործակցությունից ու «հույսդնոցիից», կարելի է կռահել Արթուր Բաղդասարյանի և Արտաշես Գեղամյանի անցած ուղին ուսումնասիրելով։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը