Աշխարհ

26.12.2022 20:35


Newsweek-ը հրապարակել է Բայդենի՝ 2022 թվականի ամենամեծ սխալների ու լեզվի սայթաքումների ցանկը

Newsweek-ը հրապարակել է Բայդենի՝ 2022 թվականի ամենամեծ սխալների ու լեզվի սայթաքումների ցանկը

Ամերիկյան Newsweek ամսագիրը հրապարակել է 8 ամենամեծ սխալները, որոնք թույլ է տվել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2022 թվականին։

Պարբերականի հրապարակած «թոփ ութնյակում» տեղ է գտել մարտի 1-ին Ուկրաինայում հատուկ գործողության մասին Բայդենի ելույթը, որի ժամանակ ամերիկացի առաջնորդը շփոթել էր ուկրաինացիներին և իրանցիներին։ Այս ելույթի տեսանյութը կարճ ժամանակում տարածվեց ու վիրուսային դարձավ։

Հրապարակման մեջ տեղ է գտել նաև հունիսի սկզբի ելույթը կանանց իրավունքների մասին, որի ժամանակ Բայդենը բարձրաձայն կարդացել է ոչ միայն նախատեսված տեքստը, այլև դրան հաջորդող տեխնիկական հրահանգները։

«Հատկանշական է, որ քվեարկելու համար գրանցվող ու քվեարկող կանանց տոկոսը միշտ ավելի բարձր է, քան նույնն անող տղամարդկանց տոկոսը։ Մեջբերման ավարտ։ Կրկնեք նախադասությունը»,-ասել էր Բայդենը։

Ամերիկացի առաջնորդի՝ 2022 թվականի մեծագույն սխալների շարքին է դասվել նաև նրա ողջույնը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ։ Հուլիսի կեսերի Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանին ձեռքսեղմումով ողջունելու փոխարեն Բայդենը բռունցքով թեթև հարվածել է նրա բռունցքին։

Չի անտեսվել նաև սեպտեմբերին ԱՄՆ նախագահի ելույթը սննդի ու առողջության հարցերով մամուլի ասուլիսի շրջանակներում, որի ժամանակ Բայդենը կանչել է կոնգրեսական Ջեքի Վալորսկիին, մինչդեռ վերջինս օգոստոսին զոհվել էր ավտովթարի հետևանքով։ Ավելի ուշ Բայդենը ներողություն է խնդրել իր այդ սխալի համար։

Պարբերականն անդրադարձել է նաև հոկտեմբերին Փիթսբուրգում հաջակցություն Դեմոկրակատան կուսակցության սենատորի թեկնածուի Բայդենի ելույթին, որից հետո ամերիկացի առաջնորդը «մոլորվել էր» բեմի վրա՝ չկարողանալով գտնել ելքը։

Նույն ամսվա ընթացքում պետության ղեկավարը լեզվի սայթաքում էր թույլ տվել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ծննդյան տարեդարձի կապակցությամբ արված շնորհավորական խոսքով՝ վեջինիս անվանելով «մեծ նախագահ», իսկ հոկտեմբերի վերջին նա շփոթել էր երկրի կազմում ներառված նահանգների թիվը՝ 50-ի փոխարեն նշելով 54։

Ամերիկացի առաջնորդի սխալների ցանկը եզրափակում է նոյեմբերին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի ժամանակ Բայդենի թույլ տված լեզվի սայթաքումը, երբ նա միջոցառման կազմակերպման համար շնորհակալություն էր հայտնել Կոլումբիայի վարչապետին, մինչդեռ գագաթնաժողովն անցկացվում էր Կամբոջայում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը