Աշխարհ

27.12.2022 21:05


Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն Ադրբեջանի համար անընդունելի է. Բայրամով

Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն Ադրբեջանի համար անընդունելի է. Բայրամով

Ադրբեջանն անընդունելի է համարում Ռուսաստանի՝ Արցախի կարգավիճակը ապագայի համար թողնելու առաջարկը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղակացնում են տեղի լրատվամիջոցները:

«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել հետագա տարիների համար։ Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ այս առաջարկը մեզ համար անընդունելի է»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և դրանից հետո անհիմն են մեղադրանքները, թե Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից: Նա ընդգծել է` դեռևս տասը տարի առաջ է Մոսկվան առաջարկել կարգավիճակի հարցը թողնել ապագային:

Ավելին, Լավրովը պնդել է, թե այս մոտեցումը կենսունակ է եղել նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո` Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում: Հենց այդ հիմքով էլ, ըստ Լավրովի, Մոսկվան կարգավիճակի առկախման կետը ներառել է խաղաղության պայմանագրի իր տարբերակում, որն այս գարնանը ներկայացվել է կողմերին: Բաքուն այդ ժամանակ պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցը, իսկ Պրահայում ստորագրված փաստաթղթից հետո` Սոչիում արդեն` մերժել:

«Սոչիում հոկտեմբերի վերջին մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ առաջ գնալ այն ջենթլմենական համաձայնության հիման վրա, ըստ որի պետք է բոլոր հարցերը կարգավորել, իսկ կարգավիճակը թողնել հետոյին: Բայց երբ նրանք եկան Սոչի, Փաշինյանն ու Ալիևը Պրահայից բերեցին այդ փաստաթուղթը, որում ասվում էր, որ նրանք ուզում են խաղաղության պայմանագիր կնքել` ՄԱԿ֊ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն»,-նշել էր Լավրովը:

«Այդ հռչակագիրն ասում է, որ բոլոր միութենական պետությունները հաստատում են սահմաննների անխախտելիությունը Խորհրդային Միության պետությունների միջև գոյություն ունեցող սահմաններով: Այլ կերպ ասած` այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության մաս էր, և երբ դրան հավանություն են տալիս թե Հայաստանը, թե Ադրբեջանը, թե Ֆրանսիան, թե Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը՝ ասելով, որ ճանաչում ենք Ալմա-Աթայի հռչակագիրը առանց որևէ վերապահման, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է հարցը, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին»,-հայտարարել էր Լավրովը:

«Երբ Պրահայի փաստաթղթի ստորագրումից հետո, որտեղ հղում է արվում Ալմա Աթայի հռչակագրին`առանց որևէ վերապահման, հայկական կողմը մեզ ասում է` թող Ռուսաստանը պաշտպանի Ղարաբաղի կարգավիճակի հարցով առաջարկները, դա փոքր-ինչ այլ օպերայից է, բանակցություններ վարելու հետ կապ չունի»,֊ասել էր նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը